«Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի ջանքերով Սեւանի ավազանի Լճաշեն գյուղում վերաիմաստավորվում է Էթիունի թագավորությունը։ Կազմակերպությունը «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ եւ տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում դեռ անցած տարի է մեկնարկել «Էթիունի․ մոռացված թագավորություն» սոցիալական նախաձեռնությունը եւ դռները բացել հյուրերի առջեւ տարեվերջին:
«Ի սկզբանե որոշել էինք, որ պետք է միայն գիտականորեն հաստատված տեղեկություններ տարածենք: Այդ առումով չափազանց կարեւոր էր անվանումը: Ուստի լուրջ աշխատանք ենք տարել անվան փնտրտուքի ու բրենդինգի համար: Հանդիպումներ ենք ունեցել հնագետների, մշակութաբանների, լեզվաբանների հետ»,- ասում է նախաձեռնության հեղինակ, կազմակերպության նախագահ Սաթիկ Բադեյանը:
2020 թվականի փետրվարին, տեղեկանալով Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում կայանալիք միջազգային գիտաժողովի մասին, որոշում են մասնակցել: Գիտաժողովը նվիրված էր Սեւանի ավազանի մշակույթին եւ կոչվում էր «Ուեդուրի-Էթիունի երկրի հնագիտական ժառանգությունը»:
Այդպես է կոչվել Սեւանի ավազանում գոյություն ունեցած տարբեր ցեղերի համադաշնությունը՝ «Ջրային» Էթիունին: Այն մոտավորապես զբաղեցրել է ներկայիս Հայաստանի տարածքի զգալի մասը, որի կենտրոնը եղել է Էրդակին՝ Լճաշենը:
Ենթադրվում է, որ հենց Լճաշենն է եղել այդ երկրի մայրաքաղաքը, քանի որ բացառիկ է մի քանի ասպեկտներով: Առաջինը թագավորական դամբարանների քանակն է. դեռեւս չկա մեկ այլ հնավայր, որտեղ այդքան շատ արքայական դամբարաններ բացված լինեն:
Երկրորդը մեծությունն է. կիկլոպյան ամրոց-քաղաքը տեղակայված է 15 բլուրների վրա, ունի 6 միջնաբերդ: Աշխարհագրական դիրքը ճանապարհների խաչմերուկում է, հարմար՝ մայրաքաղաքի համար: Սակայն այս տեսակետը դեռեւս միաձայն հաստատված չէ գիտական համայնքի կողմից:
Այսպիսով՝ անվանումը գտնված էր՝ Էթիունի:
Երկրորդ խնդիրը, որ իրենց առջեւ դրել էին սոցիալական ձեռնարկության հեղինակները, լճաշենյան մշակութային ժառանգությունը ներկայացնելն էր:
«Դրսի պատի զարդանախշերը վերցրել ենք այստեղից գտնված բրոնզե գոտիների զարդանախշերից: Իսկ հյուրատան ներսում երկու մշակույթ է ներկայացված՝ լճաշենյան եւ ուրարտական: Ինչու նաեւ ուրարտական, քանի որ գյուղի կենտրոնում Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրություն կա, եւ Ուրարտուն աշխարհի կողմից ճանաչված ու սիրված է: Ըստ հնագետների՝ Ուրարտուն մեր մաման է, Էթիունին՝ պապան»,- ժպտալով ավելացնում է զրուցակիցս:
Լճաշենյան մշակույթը տարբերվում է Հայաստանի մյուս հնավայրերից: Այն նմանություն ունի Մեծամորի մշակույթին: Լճաշեն-մեծամորյան մշակույթը տարբերվում է հատկապես բրոնզի գեղարվեստական մշակությամբ: Այստեղից պեղված շատ նյութեր պահվում են Մեծամորի թանգարանում:
«Գյուղի տարածքն իսկական թանգարան է բաց երկնքի տակ»,- իր հեղինակած գրքերից մեկում այսպես է արտահայտվել Լճաշենի առաջին պեղողներից Հարություն Մնացականյանը:
Նրա կարծիքով այստեղ հայտնաբերված ավելի քան 300 դամբարաններն ընդամենը եղածի մի մասն են: Նրա պեղած մ.թ.ա 4-րդ հազարամյակին, անգամ ավելի վաղ շրջանի թվագրվող գտածոները հաստատել են, որ Լճաշենը հնագույն բնակատեղի է եղել: Մ.թ.ա 3-րդ հազարամյակի վաղեմության քաղաք-ամրոցի հնագույն պարիսպների մնացորդները պահպանված են գյուղից 2 կմ հեռավորության վրա: Դրանք մինչև 5-7 մետր հաստություն ունեն:
Միջնաբերդում բացվել են երեք հնագույն (մ.թ.ա 2-1-ին հազարամյակ) եւ միջնադարյան շերտեր: Հնագույն բնակիչները ժայռերի վրա հմտորեն փորագրություններ են արել, վարպետությամբ աշխատել են քարի, կավի ու փայտի հետ, ստեղծել նյութական մշակույթի հազվագյուտ նմուշներ:
Ըստ Սաթիկ Բադեյանի՝ այստեղ գրեթե տուն չկա, որի բակում կամ տան շինարարական աշխատանքների ժամանակ ինչ-որ բան հայտնաբերված չլինի: «Հարեւաններից մեկը թոնիր է գտել, մյուսը՝ ցորենի պահոց, լճից ազատված տարածքում բրոնզեդարյան խեցեղենն ու արձանիկները լիուլի են: Լճաշենին դեռեւս չի գերազանցել ոչ մի հնավայր՝ դամբարաններում եղած գույքի նման առատությամբ»:
Լճաշենից նախաքրիստոնեական ժամանակաշրջանի միայն 16 սայլ են գտել՝ քառանիվ թագավորական դիակառքեր ու երկանիվ մարտակառքեր: Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրված են դրանցից երկուսը: Հայտնաբերվել են անթիվ-անհամար ոսկե զարդեր, մետաղադրամներ, մ.թ.ա 3-րդ հազարամյակին թվագրվող կիսագնդաձև կանթերով խեցեղեն:
Քիչ չեն միջնադարյան խորաքանդակ պաշտամունքային գտածոները: Քանի որ տարածքը միշտ է բնակեցված եղել, բրոնզեդարյան ու միջնադարյան մշակութային շերտերը հաջորդում են միմյանց: Ուրարտական ժամանակաշրջանի տեղական մշակույթ էլ կա այստեղ:
«Էթիունի» հյուրատուն-թագավորության այցելուները կարող են ծանոթանալ ուրարտական մշակույթին սրահների որմնանկարների եւ դեկորների միջոցով, լուսանկարվել ուրարտական ոճի հանդերձանքով, համտեսել հայկական ազգային խոհանոցի կերակուրներ։
Միայն այստեղ կարելի է ճաշակել «Իշտիկունի» ուտեստը (Արգիշտի 1-ինը սեպագիր արձանագրության մեջ այդպես է կոչել Լճաշենը), որը պատրաստվում է տեղական ձկով՝ հեղինակային բաղադրատոմսով:
Այս կարճ ժամանակամիջոցում Էթիունին դարձել է զբոսաշրջիկների սիրած վայրը: Բացի ժամանակի մեջ ճամփորդելուց՝ նրանք կարող են նաեւ այցելել հնագույն բնակատեղի, տեսնել ուրարտական Արգիշտի 1-ին արքայի սեպագիր արձանագրությունը, մասնակցել թագավորության հյուրերի համար հատուկ նախագծված քայլարշավների։
Սեւանի թերակղզում տեղացի վարպետներից կարելի է ձեռք բերել լճաշենյան գանձերի կրկնօրինակներ: Սակայն բացահայտվել են նաեւ գանձագողության դեպքեր:
Սոցիալական ձեռնարկատիրությունը նպաստում է տարածաշրջանում զբոսաշրջության ու Լճաշենի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ներկայում կիկլոպյան ամրոցում պեղումներ են ընթանում, համանյքապետարանն էլ աշխատանքեր է տանում թանգարան ստեղծելու եւ տեղում Լճաշենի հարստությունը ներկայացնելու ուղղությամբ: Մինչ օրս Լճաշենը չի ունեցել թանգարան, դպրոցում մի փոքր անկյուն կա, մի քանի նմուշ էլ ցուցադրված է «Սեւան ազգային պարկի» թանգարանում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։