Հոկտեմբերի 19-ից մինչեւ նոյեմբերի 18-ը կարող եք այցելել գեղագիտության ազգային կենտրոնում բացված «Գեղարվեստական տպագրության երրորդ միջազգային բիենալե 2021»-ի ցուցասրահ եւ ձեր հավանած աշխատանքը, արվեստագետի անունը թողնել արկղի մեջ: Հանրության հավանության արժանացած գործերի հեղինակների անունները կազդարարվեն փակման արարողության ժամանակ:
53 երկրի 353 արվեստագետի շուրջ 500 աշխատանք է ներկայացված երրորդ միջազգային ցուցահանդես-մրցույթին:
Գլխավոր մրցանակը ստացել է Լեհաստանը ներկայացնող Լուկաշ Բուտովսկին՝ վիմատպության տեխնիկայով արված աշխատանքի համար: «Հնագույն ավանդական տպագրության եղանակով, գունային հետաքրքիր լուծումներով ու մտածողությամբ Բուտովսկին կարողացել է ստանալ ժամանակակից աշխատանք»,- ասում է բիենալեի նախագահ Սոնա Հարությունյանն ու հավելում՝ ընտրությունը բավական բարդ էր, քանի որ լավ աշխատանքներ շատ կային:
Լեհաստանը գեղարվեստական տպագրության ոլորտում առաջատարն է, պատճառը, ըստ Սոնա Հարությունյանի, պետական վերաբերմունքն է, «Լեհաստանում գեղարվեստական տպագրությունը որպես առարկա դասավանդում են արվեստի բոլոր բուհերում, իսկ դա էլ պայմանավորված է նրանով, որ իրենք հին դպրոց ունեն: Եթե մեզ մոտ գեղանկարն է առաջատար դիրքում, այնտեղ գեղարվեստական տպագրությունն է տարածված: Լեհերը անվանի գեղանկարիչ, որպես այդպիսին, չունեն, բայց տասնյակ անուններ կարելի է տալ գեղարվեստական տպագրության ուղղության մեջ»:
Առաջին մրցանակի է արժանացել Նիդերլանդները ներկայացնող Հերման Նորդերմեերը՝ կրկին վիմագրության եղանակով արված աշխատանքի համար:
Հերման Նորդերմեերը երեք բիենալեներին էլ մասնակցել է, ժյուրին գնահատել է նրա հնարքը՝ սեւ ու սպիտակի միջոցով արված: Հեղինակի այս գործը ասես գեղանկարչական աշխատանք լինի:
Սոնա Հարությունյանը նշում է, որ Նիդերլանդներում եւս գեղարվեստական տպագրության հին ավանդույթներ ունեցող դպրոց է գործում:
Մեզ մոտ՝ Հայաստանում, վիմատպության ընդամենը մեկ հաստոց կա, տեխնիկայով զբաղվող ընդամենը մեկ մասնագետ: «Արման Վահանյանը 2018 թվականին շվեյցարական Բազել քաղաքում ապրեց, աշխատեց վիմատպության արվեստանոցում: Բայց հիմա դասավանդել չի ցանկանում, ստեղծագործում է»:
Երկրորդ մրցանակին է արժանացել Միլոշ Վուչեն Բոսնիա եւ Հերցոգովինայից: Այս երկրում եւս վերելք է ապրում գեղարվեստական տպագրությունը: Միլոշ Վուչեի աշխատանքն արված է 16-րդ դարից եկած օֆորտ (ֆր.՝ eau-forte — ազոտական թթու, բորակաթթու) տեխնիկայով: Օֆորտը փորագրության տեսակ է, երբ տպաձեւի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։ Հայ եւ համաշխարհային օֆորտի ամենախոշոր վարպետներից է Էդգար Շահինը:
Միլոշ Վուչեի աշխատանքը երկրում ծավալված երկարամյա պատերազմի սարսափի արտացոլանքն է:
Երրորդ մրցանակակիրն է հնդիկ արվեստագետ Չանդրեշեկհար Վագմարեն: Սոնա Հարությունյանն ասում է՝ Հնդկաստանում վաղուց արմատներ գցած գեղարվեստական տպագրությունը կապված է Անգլիայի հետ ունեցած մշակութային փոխհարաբերությունների հետ: Ըստ բիենալեի հիմնադրի՝ հնդիկների ձեռագիրն առանձնանում է: Քիչ են ներկայացվում վերացական պատկերներ, փոխարենը առարկայական են: Չանդրեշեկհար Վագմարեի սյուրռեալիստական այս գործը դիցաբանության հետ է առնչվում:
Հայ մասնակիցների համար սա հարթակ է ոչ միայն շփվելու այլազգի ստեղծագործողների հետ, տեսնելու գեղարվեստական տպագրության միջազգային տենդենցները, այլեւ դիտարկելու նրանց գործերի համատեքստում:
Թեեւ մրցանակակիրների մեջ հայ ստեղծագործող չի ընդգրկվել, բայց պատվոգրի արժանացել է Սիրանուշ Մխիթարյանը՝ «Satan tango»՝ «Սատանայական տանգո» աշխատանքի համար:
Ցիանոտիպիայի տեխնիկայով արված տպագրությունը ֆոտոկոլաժ է, հեղինակը վերնագրով հղում է անում Բելլա Տարրի համանուն ֆիլմին, որը, ինչպես եւ ֆոտոկոլաժը, պայքար է ներքին ու արտաքին խնդիրների դեմ: Ֆոտոկոլաժով Սիրանուշ Մխիթարյանը, ինչպես ինքն է ասում, «ատամ է ցույց տալիս» աշխարհի նետած խնդիրներին: Ցիանոտիպիայով զբաղվող քիչ ստեղծագործողներ կան Հայաստանում, հետաքրքրական է, որ այն առավել գրավում է կանանց:
Ժյուրին գնահատել է Սիրանուշի աշխատանքի բովանդակությունը, նորարարական մոտեցումը, իսկ ըստ Սոնա Հարությունյանի՝ մեր ստեղծագործողների գլխավոր խնդիրը կաղապարված մտածողությունն է, հայ մասնակիցների աշխատանքները մեծ մասամբ արխաիկ գործեր են՝ ազգային սիմվոլների հետ առնչվող:
«Մերոնք վախենում են համարձակ լինելուց, քայլ անելուց, փակ են: Այս հարցում մեծ դեր ունի Գեղարվեստի ակադեմիան, որտեղ ժամանակակից արվեստ չեն դասավանդում, հասնում են 20-րդ դարի սկիզբ, դրանով ավարտվում է: Ուսանողը պատկերացում չի կազմում ժամանակակից արվեստի մասին, ստանում է այն, ինչ մատուցում ու պահանջում են, քչերն են հետո ինքնակրթությամբ զբաղվում»:
Ըստ Սոնա Հարությունյանի՝ արվեստի բուհերում արմատական փոփոխությունների կարիք կա: «Անցյալ տարի գերմանացի արվեստագետ, ժյուրիի նախագահ Հերբերդ Մայերը անձամբ մի քանի անգամ հանդիպեց ուսանողների հետ: Վերջում ասաց՝ անհավանական ուսանողներ ունեք, բայց գիտելիքն է պակասում, չեն կարողանում ներսի եղածը դուրս բերել, քանի որ չգիտեն՝ այսօր աշխարհում ինչ է կատարվում»:
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ եւ երեւանյան գեղարվեստական տպագրության բիենալեի հիմնադիրն ասում է՝ փոփոխությունների համար առաջին հերթին այլ մտածողությամբ դասախոսներ են պետք: Ուսանողներն ունեն բիենալեի կարիքը՝ հաշվի առնելով նրանց հոսքը ցուցադրությանը: Իսկ աշխատանքները, որ կախված են այստեղ, ապացույցն են այն բանի, թե ուր է հասել աշխարհը եւ թե որ կետում ենք մենք այս դաշտում»:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։