— Ի՞նչն է լույսից առավել կենարար,- հարցրեց թագավորը։
— Զրույցը,- պատասխանեց օձը։
Յ. Վ. ֆոն Գյոթե «Կանաչ օձը եւ գեղեցկուհի շուշանը» հեքիաթից
Զրույցը, թերեւս, մեր կյանքի ամենակարեւոր բաներից մեկն է։ Ճիշտ ժամանակին, ճիշտ մարդկանց հետ արված զրույցը կարող է փոխել եւ փոխել է ինչպես անհատի, այնպես էլ հասարակության կամ ողջ մարդկության կյանքի ընթացքը։ Մեզնից յուրաքանչյուրը կարող է հիշել, թե ինչպես է փոխվել հենց իր կյանքի ընթացքն ինչ-որ մի հանդիպումից եւ զրույցից հետո։
Ներկայիս մեր իրավիճակում հատկապես սուր է զգացվում զրույցի կարիքը։ Նայենք մեր քաղաքական դաշտին։ Թվում է՝ բոլորը սրտանց փնտրում են ելքեր այս անցումային, ճգնաժամային վիճակից։ Բայց մեզ այդքան անհրաժեշտ համախմբումն այդպես էլ չի նկատվում։ Իմ հաստատ համոզմամբ՝ մեզ պակասում են ճիշտ զրույցները, երբ զրուցակիցներից յուրաքանչյուրը ցանկանում է գտնել խնդրի լուծումը, եւ բոլորը միմյանց լսում են։
Ստորեւ իմ մտորումներն են զրույցի մասին։ Ցանկանում եմ ներկայացնել զրույցի՝ իմ ընկալումը։ Հոդվածը կհամարեմ հաջողված, եթե այն ընթերցելու արդյունքում ոմանք փորձեն վերհիշել իրենց համար էական զրույցները եւ, հատկապես, եթե փորձեն կազմակերպել լուծումների բերող զրույցներ։
Զրույցի մասին մտորելիս առաջին բանը, որ հիշում եմ, Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Կանաչ օձը եւ գեղեցկուհի շուշանը» հեքիաթն է։ Հեքիաթում կանաչ օձը, որ կուլ էր տվել ոսկիներ եւ ամբողջությամբ շողշողում էր լույսով, ընկնում է գետնի տակ գտնվող մի պալատ։ Պալատում հանդիպում է չորս թագավորների։
Նրանցից առաջինը, որը պատրաստված էր ոսկուց, զարմանում է, թե ինչպես է օձը կարողացել այնտեղ հայտնվել, ու հարցնում է.
— Որտեղի՞ց ես դու։
Օձը պատասխանում է.
— Քարանձավներից, որտեղ ոսկին է բնակվում։
Իսկ հարցին, թե ինչն է ոսկու փայլից առավել հրաշալի, օձը պատասխանում է.
— Լույսի շողարձակումը։
Այնուհետեւ թագավորը հարցնում է.
— Ի՞նչն է լույսից առավել կենարար։
-Զրույցը,- պատասխանում է օձը։
Թերեւս, արժե մտածել՝ ինչո՞ւ է նման մեծության հանճարը զրույցը համարում լույսից առավել կենարար։
Ըստ բացատրական բառարանների՝ զրույցի առավել ընդհանրական իմաստը խոսքն է, խոսակցությունը, ասուլիսը։ Ինչպես հուշում է «ասուլիս» բառը, զրույցը ենթադրում է ե՛ւ ասող, ե՛ւ լսող: Եթե ասողը կա, բայց լսող չկա, խոսքը ոչ թե զրույցի, այլ մենախոսության մասին է: Զրույցի ինչպիսին լինելն անմիջական կապ ունի լսելու ունակության հետ։
Յուրաքանչյուրս կհիշի դեպքեր, երբ սրտակից զրույցն ընկերոջ հետ օգնել է հաղթահարելու ներքին դժվարությունները, տեսնելու լուծումներ, լույս տալու ճանապարհին եւ դուրս գալու անհաղթահարելի թվացող իրավիճակներից։ Սա զրույցի կառուցող, ամոքիչ տեսակն է:
Կարող ենք հիշել նաեւ այնպիսի զրույցներ, երբ վերջում սրտի դառնությունից բացի այլ բան չի մնացել: Տպավորությունն այնպիսին էր, որ զրուցակիցդ քեզ բնավ չի էլ լսում եւ միայն մի նպատակ է հետապնդում՝ ապացուցել, որ ինքը ճիշտ է, իսկ դու՝ սխալ: Սա զրույցի քանդող տեսակն է:
Լինում է նաեւ զրույց ինքդ քեզ հետ, եւ խոսքը մենախոսության մասին չէ։ Այդպիսի զրույցը հարմար է վարել գրելով։ Երբ գրում ես եւ զրուցում։ Դու հնչեցնում ես քո հարցերը, եւ ինքդ էլ պատասխանում։ Իրականում բոլոր հարցերի պատասխանները մեր ներսում կան։ Բավական է՝ անհրաժեշտ վիճակում գրել հարցը, եւ պատասխանն ինքնին հայտնվում է։ Հարցը հնչեցնելու անհրաժեշտ վիճակն այն է, երբ դու իրոք չգիտես քո հարցի պատասխանը եւ քո ողջ էությամբ ձգտում ես իմանալու այն, քո ուշքն ու միտքը հենց միայն այդ ուղղությամբ է։ Որեւէ այլ բան այդ պահին քեզ չի հետաքրքրում. դու դառնում ես քո հնչեցրած, քեզ հուզող հարցը։ Գրում ես այն։ Այնուհետեւ գրում ես մտքումդ առաջինը հայտնված պատասխանը։ Այդ պարագայում գրելն օգնում է, որ մտքերդ չգնան եւ չկորչեն օդում։ Երբ գրում ես, մտքերդ ավելի են որոշակիանում։ Դու սկսում ես կողքից «տեսնել» մտքերդ, զգում ես քո գրածի ավելն ու պակասը։ Եվ յուրաքանչյուր հաջորդ նախադասությամբ զրույցը շարունակվում է։
Զրույցը կարող է լինել նաեւ անբառ։ Հենց այդպիսին է զրույցը մտերիմների միջեւ, օրինակ՝ տարիներ շարունակ միասին ապրած ամուսինների, երբ այլեւս կարիք չկա բառեր ասելու։ Հայացքը, ձեռքի աննշան շարժումը, մարմնի դիրքն արդեն ամեն ինչ ասում են։ Վիլյամ Սարոյանի «Խեղճուկրակ արաբը» հենց նման անբառ զրույցի հանճարեղ օրինակ է։ Նման դեպքերում լսում են սրտով։
Կա զրույցի մեկ այլ ձեւ եւս, որ կարող ենք կոչել մտագրոհ։ Մտագրոհը խմբովի ստեղծագործելու մեթոդ է, որի ընթացքում փորձում են գտնել նախօրոք ձեւակերպված որեւէ խնդրի լուծումը՝ մասնակիցների ինքնաբուխ արտահայտած մտքերն ու կարծիքները հավաքելու, գրանցելու միջոցով: Մտագրոհի ընթացքում մասնակիցներն արտահայտում են իրենց կարծիքները խնդրի լուծման վերաբերյալ: Ընդ որում, կարեւորվում է քանակը. որքան շատ մտքեր, այնքան լավ: Արգելվում է քննադատել այլ մասնակիցների արտահայտած կարծիքները: Չի խրախուսվում նաեւ արտահայտած մտքերի հիմնավորումը: Քննարկումները կարող են լինել մտագրոհից հետո: Աշխարհում մշակվել եւ հաջողությամբ կիրառվում են մտագրոհի բազմաթիվ տեսակներ:
Զրույցի թեման, անկասկած, անվերջ է, եւ ես բնավ չեմ հավակնում սպառել այն։ Կան զրույցների բազմաթիվ այլ տեսակներ եւս, օրինակ՝ աղոթքը, խոստովանությունը, մեդիտացիան…
Բայց կա զրույցի մի տեսակ, որին չեմ կարող չանդրադառնալ։ Ոմանք կարող են հիշել իրենց կյանքի այն հազվագյուտ պահերը, երբ խմբով զրուցելիս կարծես մի հրաշքով յուրաքանչյուրի խոսքը սկսում է լրացնել ամբողջ պատկերը. ասես, շնորհ է իջել խմբի վրա։ Բոլորը բոլորին լսում են։ Տիրում է ներդաշնակություն, եւ խմբի որեւէ երկու անդամի խոսքերը չեն հակասում իրար։ Սա մտագրոհի առավել բարձր տեսակն է, երբ խմբի յուրաքանչյուր անդամ տեսնում է ամբողջ պատկերը։
Թերեւս, նման զրույցներն են, որ լույսից առավել կենարար են։
Այսօր մեզ հենց նման զրույցներ են պետք։ Համոզված եմ՝ այդպիսի զրույցները կարող են օգնել մեզ տեսնելու մեր՝ հնարավոր լավագույն ապագան եւ դեպի այն տանող ճանապարհին յուրաքանչյուրիս անելիքը։ Կարծում եմ՝ իրական քաղաքականությունն այստեղից է սկսվում։
Մեր կյանքը, փաստորեն, զրույցների, փոխհարաբերությունների շարան է։ Մեզ հետ խոսում են մեր ընկերները, ուսուցիչները, ընդդիմախոսները, պատմությունը, իրադարձությունները… Միայն թե մենք հաճախ ներկա չենք այդ զրույցներին։ Իսկ եթե ես ներկա չեմ կամ իբր ներկա եմ, բայց չեմ լսում, ի՞նչ զրույցի մասին կարող է խոսք լինել։
Այս ծանր կացությունը եւս մեզ ուղղված խոսք ունի, միայն թե կարողանանք լսել եւ պատասխանել։ Եվ մեր պատասխանը մեր կատարած քայլերն են։
Մաթեմատիկոս, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Աշխատում է ՏՏ ոլորտում ծրագրավորող։ Հետաքրքրությունների շրջանակը՝ մարդ, հոգեւոր գիտելիք, հոգեբանություն, փիլիսոփայություն։