Facebook-ը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ ընկերությունը մտադիր է հաջորդ շաբաթ փոխել անվանումը: Ընկերությունում համարում են, որ անվանումը պետք է արտացոլի «մետատիեզերքի» կառուցմանը ծառայող նրա ուղղվածությունը:
«Մետատիեզերքը», ինչպես ավելի վաղ հայտարարել էր Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, մեծ հնարավորություններ կընձեռի ստեղծագործական մասնագիտության տեր, քաղաքի կենտրոնից հեռու ապրել ու աշխատել ցանկացող, ինչպես նաեւ կրթության կամ վերականգնման օբյեկտների սահմանափակ հասանելիության վայրերում ապրող մարդկանց համար։
Մարկ Ցուկերբերգը նախատեսում է ընկերության վերանվանումը քննարկել հոկտեմբերի 28-ին տեղի ունենալիք Facebook Connect ամենամյա համաժողովի ընթացքում։
Նոր անվանումը խիստ գաղտնի է պահվում, անգամ ղեկավար կազմի ոչ բոլոր անդամները գիտեն այն։ Ենթադրվում է, որ նոր անվանումը կարող է ինչ-որ կերպ կապված լինել Horizon-ի՝ Facebook-ի ներկայացրած վիրտուալ գրասենյակի հետ։
Verge պորտալի տվյալներով՝ ռեբրենդինգի արդյունքում Facebook հավելվածը կդառնա գլխավոր ընկերության վերահսկողության տակ գտնվող բազմաթիվ հավելվածներից մեկը։
Facebook սոցիալական ցանցը Մարկ Ցուկերբերգը հիմնադրել է 2004-ին, երբ դեռ 19-ամյա ուսանող էր։ Շտաբ-բնակարանը տեղակայված է Մենլո-Պարկում (Կալիֆոռնիա)։ Facebook-ին են պատկանում նաեւ Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը։
Ցուկերբերգը ամենահարուստ ամերիկացիների ցանկում երրորդ տեղում է՝ իր 134,5 միլիարդ դոլար կարողությամբ: