Հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների պատվիրակությանը՝ ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգի ղեկավարությամբ։
Պատվիրակության կազմում են նաեւ ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի մշտական ներկայացուցիչ դեսպանները եւ ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները՝ ԵԽ Գլխավոր քարտուղարության ծրագրերի գլխավոր տնօրենության ղեկավար Վերենա Թեյլորը, Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը եւ այլք։
Հանդիպմանը Փաշինյանը հարցուպատասխանի ձեւաչափով անդրադարձել է ԵԽ պատվիրակության անդամներին հետաքրքրող մի շարք հարցադրումների: Նա խոսել է 44-օրյա պատերազմի հետեւանքների հաղթահարմանը, մարդասիրական խնդիրների կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում բանակցային գործընթացի վերականգնմանը վերաբերող եւ այլ կարեւոր հարցերի։
Պատվիրակության այցը՝ լավ հնարավորություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւս երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
«Մենք այստեղ ենք՝ հասկանալու, թե ինչպես են ընթանում ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների Գործողությունների ծրագրի կյանքի կոչման աշխատանքները»,- ասել է պատվիրակության ղեկավար Մարթեն Էհնբերգը՝ նշելով, որ այցը լավ հնարավորություն է իրավիճակին տեղում ծանոթանալու, քննարկումների եւ տեղեկատվություն ստանալու առումով:
ԵԽ-Հայաստան 2019-2022 թվականների Գործողությունների ծրագիրը, որի համար 750000 եվրո է հատկացվել, իրականացնում է Եվրոպայի խորհուրդը ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության եւ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2019-ի նոյեմբերին եւ կավարտվի 2022-ի ապրիլին։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության ապահովման, մարդու պաշտպանության գործում Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող աջակցությանը: Նրանք մտքեր են փոխանակել հետպատերազմական իրավիճակի, մասնավորապես մարդասիրական, սահմանային խնդիրների շուրջ:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է անազատության մեջ պահել հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Արմեն Սարգսյանը անդրադարձել է նաեւ հոկտեմբերի 23-24-ը Դիլիջանում անցկացվելիք «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին, ինչպես նաեւ գալիք տարի նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին:
Կարեւորել է ԵԽ ներգրավումը
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին ընդունել է նաեւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, որը կարեւորել է ԵԽ ներգրավումը Արցախում մարդասիրական ճգնաժամի հաղթահարմանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաեւ եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է:
ՀՀ-ն ակնկալում է Եվրոպայի խորհրդի հստակ դիրքորոշումը
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի նախագահ, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարթեն Էհնբերգի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը հայտնել է, որ Հայաստանն ակնկալում է Եվրոպայի խորհրդի հստակ դիրքորոշումը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական այլ անձանց հայրենիք վերադարձնելու վերաբերյալ։ Անդրեասյանը ընդգծել է, որ ԵԽ-ն պետք է նաեւ ճնշում գործադրի Ադրբեջանի նկատմամբ այնտեղ պահվող հայ ռազմագերիների մասով։
Կոմիտեն դեռեւս չի դրսեւորել իր դերակատարությունը
ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գեւորգյանը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ իր ելույթում նշել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, 2001-ի հունվարին անդամակցելով Եվրոպայի խորհրդին, պարտավորվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով, հետեւաբար 2020-ի 44-օրյա պատերազմն Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտում է եւ պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից:
Ղարաբաղյան վերջին պատերազմի մարդասիրական հետեւանքները համարելով ամենահրատապ խնդիրներից մեկը՝ այս հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ներգրավվածությունը։
Վահե Գեւորգյանն ընդգծել է, որ ԵԽ Գլխավոր քարտուղարը, Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը, Մարդու իրավունքների եվրոպական Դատարանը, համապատասխան մշտադիտարկման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում արդեն փորձել են արձագանքել խնդրին՝ շեշտելով, որ Նախարարների կոմիտեն դեռեւս չի դրսեւորել իր դերակատարությունը։
«Լիահույս եմ, որ Կոմիտեի անդամների ներկայությունն այստեղ դրական ներգործություն կունենա այս հարցում առաջընթաց գրանցելու գործում»,- եզրափակել է փոխարտգործնախարարը: