Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ Կառավարությունից հայտնել են, որ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով, որտեղ կքննարկվեն սգո արարողության վերաբերյալ բոլոր հարցերը։
Մանրամասները կհաղորդվեն Սիրադեղյանի հոգեհանգստի եւ հուղարկավորության ժամկետները պարզ լինելուց հետո։
Գործադիրը չի մանրամասնել՝ Սիրադեղյանի դին կտեղափոխվի՞ Հայաստան, որտե՞ղ են հուղարկավորելու նրան, եւ ո՞վ է գլխավորելու կառավարական հանձնաժողովը։
Հայաստանի Հանրապետության պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը մահացել է հոկտեմբերի 16-ին 75 տարեկանում։
Հայ ազգային կոնգրեսը կառավարությանը կոչ է արել Սիրադեղյանին հուղարկավորելու Կոմիտասի անվան պանթեոնում՝ հաշվի առնելով ժողովրդին նրա մատուցած ծանրակշիռ ծառայությունները գրականության եւ պետական կառավարման բնագավառներում:
Սիրադեղյանի ընտանիքը հայտնել է, որ այս հարցով դեռ հստակություն չկա։
Վանո Սիրադեղյանը Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի, Հայոց համազգային շարժման հիմնադիր եւ ղեկավար անդամ: Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ՝ ներքին գործերի նախարարի, Երեւանի քաղաքապետի, ՀՀՇ վարչության նախագահի եւ այլն:
1998-ին՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից եւ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ամիսներ անց, Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց մի շարք ծանր հոդվածներով, որոնց թվում՝ «հանցակցություն դիտավորյալ սպանությանը, բանդիտիզմ, կաշառառություն», 1999-ի մայիսին ձերբակալվեց, ապա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց կալանքից:
2000-ի ապրիլին Ազգային ժողովը բավարարեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու՝ ՀՀ դատախազության միջնորդությունը, ինչից հետո նա հեռացավ Հայաստանից եւ մինչ այժմ հետախուզման մեջ էր: