ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիեւում մամուլի ասուլիսում հայտարարել է, թե Ռուսաստանն է սկսել պատերազմը Ուկրաինայի արեւելքում, եւ Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղ կարգավորումը։
Նա վերահաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի հնարավորինս աջակցել Ուկրաինային իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու կարողությունները զարգացնելու համար։ 2014-ից ի վեր ԱՄՆ-ը 2,5 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել ուկրաինական ուժերին։
Լլոյդ Օսթինը շեշտել է, որ ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան է։
«Մենք կրկին կոչ ենք անում Ռուսաստանին վերջ տալու Ղրիմի օկուպացիային, դադարեցնելու պատերազմը Ուկրաինայի արեւելքում, դադարեցնելու իր ապակայունացնող ակտիվությունը Սեւ ծովում եւ Ուկրաինայի սահմանների երկայնքով, ինչպես նաեւ հաքերային մշտական հարձակումները եւ չարամիտ այլ գործողությունները ԱՄՆ-ի եւ մեր դաշնակիցների դեմ»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։
Որեւէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշմանը
Խոսելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարի մասին՝ Լլոյդ Օսթինն ասել է, որ որեւէ երրորդ երկիր չի կարող վետո դնել ՆԱՏՕ-ի անդամակցության որոշումներին։ Նա հայտարարել է, թե Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր արտաքին քաղաքականության ապագան, եւ ԱՄՆ-ը ակնկալում է, որ նրանք դա կարող են անել առանց կողմնակի միջամտության։
«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու մեր աներեր աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ Եվրաատլանտյան ձգտումներին, ինչպես նաեւ արտահայտելու մեր հանձնառությունը Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը՝ զսպելու Ռուսաստանի հետագա ագրեսիան»,- Կիեւ ժամանելուն պես թվիթերյան գրառմամբ հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։
Լլոյդ Օսթինը Ուկրաինա է ժամանել Վրաստանից։ Սեւծովյան տարածաշրջանում նա այցելելու է նաեւ Ռումինիա, իսկ հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը։