ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը լիարժեք հիմնավորված է համարել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Հայաստանի սահմանների շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ընդգծում է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլեւ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:
ՀՀ ՄԻՊ-ը կարեւորել է անհապաղ ՀՀ սահմանների շուրջ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու եւ ադրբեջանական զինված ծառայողներին ՀՀ գյուղերի հարեւանությունից, համայնքների միջեւ ճանապարհներից անհապաղ հեռացնելու գործընթացի նախաձեռնումը։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկը տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձեւում:
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է՝ ակնհայտ է, որ ադրբեջանական հանցավոր արարքների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, դրանց սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյաց ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը:
Ակնհայտորեն ուռճացվա՞ծ է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հոկտեմբերի 18-ին անդրադարձել է նաեւ մայիսին ՀՀ Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներ ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչների կողմից տվյալ տարածքներում իրականացվող ամրաշինական եւ այլ աշխատանքներին։
ՀՀ ՄԻՊ-ը հայտնել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները:
Նա ընդգծել է, որ ադրբեջանցիների ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի մեծացել է։ Ավելին՝ շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման եւ ինժեներական ակտիվ աշխատանքներ:
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` վստահեցնելով, որ Թաթոյանի գրառումն ակնհայտորեն ուռճացված է, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն էլ հոկտեմբերի 19-ին ապատեղեկատվություն է որակել շրջանառվող տեղեկությունը, թե Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքը հանձնվել է Ադրբեջանին:
Փելա սարի մասին որևէ այլ պաշտոնական պարզաբանում չի հնչել։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը երեկ ասել է, թե զինվորական դիրքերի մասին հարցերը պետական գաղտնիք են համարվում։ «Զորքերի կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության եւ նման այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով»,- շեշտել է նա:
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ ասել է, թե սարը դեռ դեկտեմբերին է զիջվել, եւ այս ընթացքում տեղում հսկողություն են իրականացրել ռուս սահմանապահները։ Բայց օրերս, ըստ քաղաքապետի, ռուսներն իջել են ռազմավարական բարձունքից, եւ վերահսկողությունն անցել է Ադրբեջանին։
Ըստ Կապանի բնակիչների՝ ադրբեջանական վերահսկողության տակ է Փելա սարի մյուս կողմը, որտեղով էլ անցնում էր Ագարակը և հարակից մի քանի գյուղեր Կապանին կապող հիմնական ճանապարհը։ Նրանք այդ ճանապարհից չեն օգտվում դեկտեմբերից, երբ ադրբեջանական ուժերը հաստատվեցին բնակավայրերի մերձակայքում։