Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2021-ի հունվար-սեպտեմբերի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունը։
1000 խոշոր հարկ վճարողները 2021-ի 9 ամսվա ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 871 միլիարդ 241 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 733 միլիարդ 143 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 138 միլիարդ 98 միլիոն դրամ։
Ցանկը հրապարակվել է՝ հիմք ընդունելով ներկայում գործող ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները, մասնավորապես ցանկում ներառվել են պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները:
ՊԵԿ-ը հանդես է եկել ՀՀ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկները առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառելու առաջարկությամբ։ ՊԵԿ-ը շեշտել է, որ պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների վճարած հարկերը ուղղակիորեն չեն բնութագրում նրանց գործունեության արդյունքը, դրանք պետական բյուջեով նախատեսված միջոցների վերաբաշխման արդյունք են։