Հայաստանից պաշտոնապես գրանցված վարձու աշխատողների թիվը Ռուսաստանում, 2021-ի առաջին կիսամյակի տվյալներով, կազմել է 202 հազար մարդ։
Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Իյա Մալկինայի՝ հունիսի վերջի դրությամբ, ընդհանուր առմամբ, ՌԴ տարածքում աշխատում էր ԵԱՏՄ երկրների 738 հազար քաղաքացի, որոնցից 385 հազարը՝ Ղրղզստանից, 202 հազարը՝ Հայաստանից, 81 հազարը՝ Բելառուսից, 70 հազարը՝ Ղազախստանից: ՌԴ արտագնա աշխատանքի մեկնածների ընդհանուր թիվը 2019-ի համեմատ աճել է շուրջ 40%-ով:
Իյա Մալկինան նշել է, որ ԵԱՏՄ այդ երկրներից անօրինական ներգաղթյալներին մինչեւ սեպտեմբերի 30-ը պաշտոնապես գրանցվելու հնարավորություն են տվել:
ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրության տվյալներով՝ 2021-ի հունվար-օգոստոսին ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել մոտ 281 միլիոն դոլար, իսկ զուտ ներհոսքը (ՌԴ-ից փոխանցումները ՀՀ, հանած Հայաստանից փոխանցումները ՌԴ) կազմել է շուրջ 150 միլիոն ԱՄՆ դոլար։
ՌԴ կառավարության որոշմամբ՝ ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացին պարտավոր է ունենալ բժշկական ապահովագրություն, հակառակ դեպքում կտուգանվի կամ նույնիսկ կվտարվի երկրից: