ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ին նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Քաղաքացիական եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:
Առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանել «չնույնականացված աղբյուր» եզրույթը: Չնույնականացվող աղբյուր են համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը տնօրինողին:
Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը: Եթե վերջինս լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նույնականացման տվյալ է նաեւ պետական հաշվառման համարը:
Եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը:
Այս կարգավորումները կտարածվեն նաեւ համացանցում գործունեություն իրականացնող լրատվամիջոցների վրա:
Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ նման կեղծ աղբյուրներից տեղեկություն տարածող լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից, եթե այդ տեղեկությունը չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:
Առաջարկվում են նաեւ լրագրողների հավատարմագրման կարգին, լրատվամիջոցների տարեկան հաշվետվություններին վերաբերող այլ փոփոխություններ։
Նախաձեռնության նպատակը, ըստ հեղինակների, 2003-ին ընդունված օրենքի համապատասխանեցումն է ժամանակի թելադրանքին:
Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում: