ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի սկզբի կժամանի Հայաստան։
Այցի ընթացքում կքննարկվի Մեծամորի ԱԷԿ-ի վերանորոգման ընթացքը, 2026-ից հետո ատոմակայանի ծառայության ժամկետի երկարաձգման հնարավորությունները, ինչպես նաեւ նոր կայանի կառուցման հեռանկարները։
«Ռոսատոմը» շարունակում է մասնակցել Մեծամորի ատոմակայանի հիմնանորոգմանը, որը պետք է ավարտվի հաջորդ տարի:
«Ռոսատոմի» դուստր ձեռնարկությունը՝ «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, եղել է վերանորոգման աշխատանքների մեծ մասի գլխավոր կապալառուն եւ շարունակում է խորհրդատվություն տրամադրել կայանի ղեկավարությանը, իսկ «Ռոսատոմի» ձեռնարկությունները մրցութային հիմունքով շարունակում են սարքավորումներ մատակարարել կայանի համար:
Կորպորացիայի կազմի մեջ մտնող մի շարք ինստիտուտների եւ ձեռնարկությունների մասնագետներն այս տարի նախագծել եւ իրականացրել են ռեակտորի կորպուսի թրծումը, ինչը կերկարաձգի դրա ծառայության ժամկետը: