Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին բանտում կմնա առնվազն վեց տարի։ Վրացական կառավարության ղեկավարը նշել է, որ երկրի երրորդ նախագահը պետք է ամբողջությամբ կրի դատարանի կողմից սահմանված պատիժը՝ չնայած հացադուլներին եւ միջազգային ճնշմանը։
Նա Սաակաշվիլիին պրոֆեսիոնալ «խաբեբա ու սիմուլյանտ» է անվանել, որը դիմակահանդես է կազմակերպել՝ իբր բանտում հացադուլ է հայտարարել, որպեսզի բոլորը խոսեն իր դիետայի մասին։
Ղարիբաշվիլին խոստացել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հետո իշխող «Վրացական երազանք»-ը կդադարի գլխավոր քաղաքական հակառակորդի գործունեությանը հրապարակայնորեն անդրադառնալուց։
«Ընտրությունների երկրորդ փուլից հետո Սաակաշվիլիի մասին խոսակցություններ ո՛չ իմ, ո՛չ իմ թիմակիցների կողմից այլեւս չեն լինի։ Սաակաշվիլին մեկ անգամ արդեն քանդել է Վրաստանը, երկրորդ անգամ մենք դա թույլ չենք տա»,- պնդել է Վրաստանի վարչապետը։
Վրաստանի երրորդ նախագահը ութամյա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել մոտ երեք շաբաթ առաջ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմին։ Վերլուծաբանների համոզմամբ՝ Սաակաշվիլիի գաղտնի վերադարձն ու աղմկալի ձերբակալությունը նպաստել են նրա կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» ընտրազանգվածի մոբիլիզացիային։ Դրա արդյունքում Սաակաշվիլիի կողմնակիցներին հաջողվեց Վրաստանի խոշորագույն հինգ քաղաքներում՝ Թբիլիսիում, Բաթումում, Քութաիսիում, Փոթիում եւ Ռուսթավիում հասնել ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը։ Երկրորդ փուլը նշանակված է հոկտեմբերի 30-ին։
Թբիլիսին այժմ միջազգային ճնշման ներքո է։ Շաբաթասկզբին հրապարակվեց մի շարք օտարերկրյա պաշտոնաթող պետական գործիչների եւ Եվրախորհրդարանի անդամների համատեղ նամակը՝ Վրաստանի երրորդ նախագահին ազատ արձակելու կոչով։ Նամակի հեղինակները պնդել են, որ բանտում հացադուլ հայտարարած Սաակաշվիլիի առողջական վիճակը շարունակում է վատթարանալ։ Բացի դրանից՝ ուղերձի հեղինակներն ընդգծել են, որ նախկին նախագահի ազատ արձակումը կնպաստի Վրաստանում ազգային միասնության մթնոլորտի ձեւավորմանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սակայն, հայտարարել է․ «Մեզ համար միեւնույնն է, թե Եվրախորհրդարանի անդամներն ինչ կասեն մեզ դեմքի իմաստուն արտահայտությամբ։ Մեզ համար կարեւորը ժողովրդի կարծիքն է»։