19 տարեկանից ավտոմեքենա եմ վարում: Վարել սովորել եմ Երեւանում: Վարորդի իմ փորձառությունը կապված է բացառապես հայաստանյան ճանապարհների հետ: Երբեւէ լուրջ վթարներ չեմ գրանցել, բացառությամբ նախնական շրջանում կայանելու ընթացքում հաջողեցրած մեկ-երկու խազոցից, որոնք էլ հիմնականում պայմանավորված էին այն հանգամանքով, որ ինչպես ավտոդպրոցի ուսուցիչս՝ «բակինսկի» Արարատն էր ասում. «Ավտո վարելիս ամենից կարեւորը մեքենայի գաբարիտները զգալն է»:
Երկար տարիների վարորդ լինելով՝ Հայաստանում երթեւեկության մեջ որեւէ արտառոց բան չէի նկատում, դրան անդրադառնում էի միայն այն ժամանակ, երբ արտասահմանից եկած հերթական հյուրը, գլուխը բռնած, գույնը գցած եւ լեղապատառ, տեղ հասնելուն պես իրեն դուրս էր նետում ավտոմեքենայից՝ խաչակնքվելով, թե՝ «այսօր ալ անվնաս տուն հասանք»: Դե, մտածում էի կապիտալիստական հերթական հովեր են:
Ճանապարհներ են, էլի, խորդուբորդ, այս փոսից այն փոսը թռչկոտելով (չնայած այս առումով, անկեղծ պետք է լինեմ եւ խոստովանեմ, որ վերջին ժամանակներս ճանապարհների վիճակն անհամեմատ բարեկարգ է), կտրուկ վազանցումներով, չթույլատրված վայրերում կանգառներով, մեքենաների՝ մեկը մյուսի վրա քշելով, կտրուկ արգելակումներով, քաոսային երթով, անդադար խցանումներով, փողոցի մեջտեղում՝ հալումաշ եղած գազե վառելիքով լիցքավորվող տաքսիների պայթյուններով եւ այլն, եւ այլն: Չհաշված մայրաքաղաքի օդում կախված շմոլ գազի ամպը:
Գալով Մերիլենդ՝ զգացի ավտոմեքենա վարելու ողջ բերկրանքն ու հաճույքը՝ հասկանալով արտասահմանից եկած հյուրերի սարսափի հիմնավորված լինելը: Նախ եւ առաջ պետք է եւս մեկ անգամ արձանագրեմ այն փաստը, որ ինչպես կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ երթեւեկության մեջ այս երկրում մարդկային հարաբերությունները հիմնված են դիմացինի կենսական տարածքը հարգելու ընդգծված սկզբունքի վրա:
Երթեւեկությունն այստեղ խիստ կանոնակարգված է, ինչը բխում է երթեւեկության տարրական կանոնների պահպանումից: Նախ կայանման համար չնախատեսված վայրերում կայանելը խստիվ արգելվում է, խնդիր, ինչը Երեւանում խցանումների առաջացման հիմնական պատճառներից է: Այստեղ նույնիսկ փորձ անգամ չպետք է անել սխալ վայրում կայանելու, քանի որ կա՛մ շատ մեծ տուգանքների կենթարկվես, կա՛մ էլ չեն ալարի, կգան եւ ավտոմեքենադ քարշակով կտանեն:
Կայանման կանոնների պահպանման համար ցուցանակներ են փակցված ամեն տեղ՝ կանխելու համար սխալ կայանումը: Միեւնույն ժամանակ, որպեսզի կայանատեղիները ավելորդ չծանրաբեռնվեն, ավտոմեքենան կայանելու սահմանափակ ժամանակի հնարավորություն է տրված. եթե ուզում ես, որ մեքենադ ավելի երկար մնա կայանված, պետք է վճարես դրա համար: Առեւտրի բոլոր մեծ կենտրոններն ունեն իրենց կայանատեղիները: Հետեւաբար ճանապարհների մայթերը երբեք ծանրաբեռնված չեն կայանված ավտոմեքենաներով, ինչն էլ նվազեցնում է խցանումների հավանականությունը:
Կանոնավոր երթեւեկության գրավականներից մեկն էլ այն է, որ ավտոմեքենաներն ընթանում են նշագրված երթուղային գծերով, շարքով, կարգով եւ, որ ամենակարեւորն է, գիծը փոխել ցանկացող եւ համապատասխան ազդանշանային լույսը միացրած ավտոմեքենային գրեթե միշտ զիջում են եւ ճանապարհ տալիս (ոչ թե միտումնավոր գազ են տալիս, որ ոչ մի դեպքում վարորդը գիծը չկարողանա փոխել՝ իր գծի վրա խցանում առաջացնելով):
Ոչ մի դեպքում չի կարելի ավտոմեքենայով փակել խաչմերուկը: Կան խաչմերուկներ, որոնցում երթեւեկությունը կարգավորվում է ոչ թե լուսակիրների, այլ STOP նշանների միջոցով: Թվում է, թե նման դեպքերում ավտոմեքենաների ընթացքը քաոսային բնույթ պետք է կրի, բայց ընդհակառակը, գործում է մի շատ հստակ կանոն. ճանապարհը խաչմերուկին առաջինը մոտեցած ավտոմեքենայինն է:
Այստեղ ձայնային ազդանշաններ գրեթե հնարավոր չէ լսել, ծայրահեղ դեպքերում եւ այն էլ նախազգուշական նպատակներով հիմնականում:
Կանոնակարգված երթեւեկությանը զգալիորեն նպաստում են նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները, որոնք վարորդները պարտադիր պահպանում են այն պարզ պատճառով, որ դրանք կարդալ գիտեն եւ ճանաչում են։ Այստեղ վարորդական իրավունք ստանալը պահանջում է շատ բարձր պատրաստվածություն թե՛ տեսականորեն, թե՛ գործնականորեն (պահանջում է համապատասխան գիտելիքներ, այլ ոչ թե գումար, ծանոթ, բարեկամ: Ես ինքս անձամբ երկրորդ միջոցով եմ ստացել, քանի որ առաջին միջոցով իմ ժամանակներում ստանալը գրեթե անհավանական էր եւ անիրատեսական: Հիմա չգիտեմ, միգուցե փոխվե՞լ է կարգը…):
ԱՄՆ-ում, ինչպես Հայաստանում, վարորդական իրավունքի քննությունը երկու փուլից է բաղկացած՝ թեստային, որտեղ ստուգվում է ապագա վարորդի տեսական գիտելիքների իմացությունը, եւ վարողական, որտեղ ստուգվում են վարելու հմտությունները: Սակայն այստեղ, ըստ վիճակագրական տվյալների, վարորդական իրավունքի թեստային քննությունը տապալում է մասնակցածների 30-60%-ը, թվերը, ըստ նահանգների, տատանվում են: Օրինակ՝ Մերիլենդում թեստը չի անցնում 52.7%-ը, իսկ Վաշինգտոն մայրաքաղաքում՝ 50%-ը, Կալիֆոռնիայում 55%-է տապալվում: Ինչը նշանակում է, որ այստեղ վարորդական իրավունք ձեռք բերելը գիտելիք եւ հմտություններ է պահանջում:
Իհարկե, ներքաղաքային ճանապարհների երթեւեկությունն էականորեն թեթեւացնում են արագընթաց մայրուղիները, որոնք երթեւեկության իրենց կանոններն են թելադրում: Այստեղ էլ շատ մեծ արագության գայթակղությունն է գերակշռող դառնում, քանի որ այդ ճանապարհներում հիմնական կանոնը բարձր արագությունն է, որը նույնպես հստակ սահմանափակումներ է ենթադրում:
Այստեղ ճանապարհային երթեւեկության մեջ երկու շատ պարզ, բայց արդյունավետ մոտեցում կարող եմ առանձնացնել, որոնք միտված են երթեւեկությունը հեշտացնելուն եւ ավելորդ խցանումներից խուսափելուն: Մեկն այն է, որ ձախակողմյան թեքման ժամանակ ճանապարհը ճյուղավորվում է, եւ ձախ գիծը չի արգելափակում ճանապարհն ուղիղ շարունակողների ընթացքը: Նաեւ դեպի աջ թեքումը գրեթե միշտ բաց է, բացառությամբ այն դեպքերի, երբ արգելող նշան է դրված՝ «կարմիրի տակ աջ չթեքվել» գրությամբ:
Այստեղ համացանցային ճանապարհացույցը (Navigation) վարորդի համար հստակ ուղենշում է ճանապարհը՝ նախապես զգուշացնելով արագաչափերի, նկարող տեսասարքերի մասին: Բոլոր արագաչափերը, լուսանկարող խցիկները, երթեւեկության նշանները, ոստիկանները ծառայում են նրան, որ զգուշացնեն վարորդներին եւ կանխարգելեն վթարները երթեւեկության ընթացքում եւ ոչ երբեք տուգանելու եւ պատժելու համար են:
Ալվարդ Սեմիրջյան