«Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ» շարքը ներկայացնում է ընդհանուր առմամբ ութ պատմություն: Ութերորդ պատմությունը Վրեժ Բադալյանի մասին է: Վրեժը Արարատի մարզի Զանգակատուն գյուղից է: Ծնվել է 2001 թվականին, 2019-ին զորակոչվել է բանակ, 44-օրյա պատերազմի օրերին ծառայել է Մատաղիսում, որտեղ էլ շատ ծանր վիրավորվել է: 22 օր Վրեժը եղել է Էրեբունի ԲԿ վերակենդանացման բաժանմունքում կոմայի մեջ: Վրեժն իր ընտանիքի հետ ներկայում վարձով բնակվում է Երեւանում, քանի որ անհրաժեշտ բժշկական ծառայություններն այստեղ ավելի մոտ են: Վրեժի, նրա մոր՝ Լիլիթի եւ կնոջ՝ Քրիստինեի հետ զրուցել ենք Երեւանի իրենց վարձու բնակարանում:
Վրեժ. Ծառայության գնացել եմ 2019-ի հուլիսի 19-ին: Միանգամից մեր մարզի վայենկոմատից տեղափոխվել ենք մեքենաներով ուղիղ Ղարաբաղ, Ղարաբաղից էլ՝ միանգամից Մատաղիսի զորամաս, 33-651 համարի զորամասը: Հենց էնտեղ էլ ծառայությունս անցել ա, 6 ամիս ուսումնական գումարտակում: Ուսումնական փուլը անցնելուց հետո ծառայությունս անցել է 3-րդ բատալիոնում, առանձին դասակների ԱԳաԷս-ի դասակում: Մինչեւ պատերազմը արդեն տարի չորս ամսվա ծառայող էի, արդեն փորձառու պոստ պահող էի: Ընդհանրապես տեղյակ չէինք պատերազմի մասին: Չէինք էլ գիտակցում, որ պատերազմ կլինի: Նու, ընդհանուր խոսակցություններ կար գնդում, որ առաջնագիծը լարված ա: Ամսի 24-25-ն էր, որ տենց խոսում էինք տղաներով, որ առաջնագիծը լարված ա: Դե ոնց որ մեր հերթափոխը ներքեւն էր, մենք հաջորդ տղաներին փոխողն էինք, էլի: Մենք հանգստացողն էինք, իրանք արդեն սահմանում էին: Մի քանի օր էր մնում, որ պերեսմենկան ըլներ ու իրանց փոխեինք: Բայց ընդհանրապես չէինք պատկերացնում, որ կարա պատերազմ ըլնի:
7-ին պիտի հրահանգը ստանայինք՝ «գումարտակ շարվի» ճաշարանի համար: Տենց: Չհասցրինք էլի շարվեինք ճաշարանի համար, հենց 7-ին տաս պակաս, ես ժամը նայել եմ, ժամ էի նայում, որ գոռայինք «գումարտա՛կ, շարվի՛»: Հենց յոթին տաս պակաս առաջին սնարյադը ընգել ա բատալյոնի դեմը: Կամբատը լուսամուտից դուրս ա թռել, հենց լուսամուտից դուրս թռավ, ոչ էլ դռնից: Առաջի հարկ, ցածր պատուհան էր: Գոռաց՝ «դեպի թաքստոցները, վազքով մա՛րշ»: Մտանք թաքստոցները, ու արդեն սնարյադը սնարյադի հետեւից ընգնում էր: Հետո արդեն հրահանգ տվեց՝ ըստ մարտական առաջին տագնապ, համար 1, բոլոր մասնագետներն իրանց տեղերում: Սովորական պիխոտները իրանց համազգեստներով շարվան, մասնագիտականները վազան իրանց ծանր զենքերի հետեւից: Այսինքն՝ մենք լուսամուտով մտանք, դե արդեն հնարավոր չէր ֆռայինք շենքի դեմից մտնեինք, որովհետեւ ամբողջ դեմը խփում էին, հետեւն էլ հետը: Մենակ ձախ կողմից հիշում եմ, լուսամուտից սաղովի մտանք, կամբատը կանգնել էր, հատ-հատ հաշվում մտցնում էր, որ հանգարծ մեկը չպաղկվի: Ու մտանք արդեն, հանդերձանքը ստացանք, զենք-զինամթերքը, ու ծանր զենքերով, ոտով վազեցինք նստեցման շրջան, բայց ամբողջ Մատաղիսը արդեն սնարյադի տակ էր:
Հետո կապ ենք ստացել, որ առաջին խոցումը Թալիշն ա: Բատալյոնը բաժանեցին, Թալիշն էլ որ պահեն: Թալիշը արդեն ահագին զոհեր ունեինք, պեռվի բատալյոնը արդեն համարյա կարելի ա ասել չկար… Բաժանվեցինք ու նստեցման շրջանից, երեւի կես ժամ մնացինք, ու սաղ կամիկաձե էր, լցվել էինք ծառերի, քարերի տակ, որ չտենային մեզ: Սաղ կամիկաձե էր, ֆռում քցում էր, ֆռում քցում էր: Մենակ էրեւում էր, որ ամբողջ գյուղը խփում են, տների վրա, շենքերի, աֆիցեռսկի, սաղ պայթացնում են: Ըտուց հետո արդեն ավտոներով բարձրացանք: Ճանապարհի կեսին էլ հնարավոր չէր ավտոյով էթալ: Իջանք, հետո նենց ստացվավ, որ հրամանը ստացանք, էլի նստանք մեքենան, շարունակեցինք, ըտենց մեր մասնագիտական ծանր զենքերով, տանկերն էլ մեր հետ միասին: Չորս հատ տանկ բարձրացան դիրք:
Ամենաշատը տպավորվել ա էն դեպքերը, որ էթում էինք, շոր էինք ման գալի, դե ցուրտ էր… Նու, սովորական պլաշ-պալատկեքով փաթաթվում, մտնում էինք էդ խրամատի աղվեսաբների մեջ, որ չհիվանդանանք գոնե: Ու ահավոր, իրոք ահավոր ցուրտ էր անում, գիշերները շատ ցուրտ էր անում:
Էն դեպքերն ա տպավորվե, որ պոստում արդեն զենք-զինամթերք, սնարյադը վերջանում էր, մենք էլ ոնց որ հակատանկային խոցման մենակ գռանատամյոտ ունեինք, գռանատամյոտի սնարյադի համար մոտավորապես մի հինգ կիլոմետր ես ու երկու ընկերներս ոտքով, ռովով, սովորական ճանապահով գնացինք հրամանատարական կետից որ սնարյադ ու փամփուշտ բերենք: Էդ եմ հիշում, որովհետեւ ճամփին իրոք ահավոր էր, սաղ արյուն, դիակ, ու սնարյադ էր գալի… Էն որ նայում ես արյուն ու դիակ ա ու սնարյադը գալիս ա, մտածում ես՝ կարող ա էսա ա մի վայրկյան հետո դու էլ դառնաս արյուն կամ դիակ: Բայց էն որ, չգիտեմ, մի պահ վախենալով, մի պահ ուժ հավաքելով գնացինք, էդ սնարյադներն ու փամփուշտները բերինք մեր պոստ:
Լիլիթ (մայրը). Ասում էինք` Վրեժ, քո մոտ ո՞նց ա: Բա՝ մամա, ամեն ինչ լավ ա, խաղաղ ա, մի՛ մտածեք: Բա՝ ի՞նչ ես անում: Ասում էր՝ ես ընգերների հետ եմ, ստեղ եմ, պոստից իջել եմ: Բայց դե ես չգիտեի, որ ինքը արդեն Թալիշում ա, գնացել են Թալիշ, ոչ մի բան չի ասել ինձ: Հետո ամուսինս աշխատում էր, իրա հետ խոսեցի, ասեցի՝ Վահե, Վրեժի հետ խոսե՞լ ես: Ասեց՝ հա, Վրեժի ձենը էնքան տխուր էր, լարված էր ինքը շատ: Ասի՝ Վահե, ի՞նչ ա էղել: Ասեց՝ նենց ոչ մի բան չասեց, մենակ ասեց պապա, էնքան սնարյադ ենք էսօր կրակել, թեւերս ցավում ա, հոգնած եմ, պառկել եմ, որ հանգստանամ: Բայց ի՞նչ պառկի, դու մի ասա, հենց էդ օրը իրանք արդեն շրջափակման մեջ են էղել:
Վրեժ. Չես գիտակցում՝ ինչի համար ես պայքարում, բայց պայքարում ես: Այ տենց վիճակ էր: Որ զգում ես՝ դու թույլ ես, բայց մտքիդ մեջ ես թույլ, չես ուզում արտահայտես, որ դու թույլ ես: Ուզում ես մինչեւ վերջ գոռոզի պես քեզ պահես, որ դու ուժեղ ես, դու կարաս: Ու տենց էլ պայքարեցինք: Մեր կողի պոստը ուզում էին վերցեին, մի անգամ տվեցինք, հետո նահանջ արինք, մի հատ էլ գրավեցինք, մի հատ էլ հետ վերցինք, նստանք, ու տենց… Արդեն երրորդ անգամ վերցելուց, հենց ռովի մեջ մի հատ ուսիցս վիրավորվա, ուսիցս կրակեցին, հետո հետ իջնելուց՝ ոտիցս, մեջքիցս: Ու տենց արնաքամ ըտեղ պառկած՝ մի հատ էլ տրաքանք, ու կողիս ընգերը վաբշե ծանր էր… Մի պահ աչքերիս դեմը ծուխը անցավ, հետո զգացի ինչ ա կատարվում, մենակ էդ կամիկաձեի դռռոցն էր: Հելա տենց մի կերպ կայնա, Վանոյին ասեցի՝ Վանո, հելի՛, հելի՛, ասեց՝ չեմ կարա: Գոռացի Տիկոյին: Տիկոն էլ բարձր «Հայր մերն» էր ասում, մինչեւ հիմա հիշում եմ, ականջներիս մեջ ա… Տենց Վանոյին քաշեցի, քցեցի ուսիս, տենց մի էրկու-իրեք կիլոմետր Վանոյի հետ մի կերպ գնացինք: Արդեն ես էլ չէի կարում, շունչս կտրվում էր, բայց չգիտեի, որ թոքիս բան ա էլել:
Ու տենց գնացինք հասանք կացարանի՝ բլինդաժի մոտ, լրիվ ընգա գետին, էն որ էլ չէի կարում, քիչ ա մնում… մենակ մի պահ, որ սրսկեցին, Վանոյին տարան պատգարակով, ինձի էրկու հոգի թեւերիս տակից գրկեցին ու տարան դեպի մեքենա: Գոռում էի, ասում էի՝ մի՛ տարեք, ես լավ եմ, թողեք հետ էթամ, բայց չէի գիտակցում, որ բերանիցս արյուն ա գալի: Տենց նստեցրին մեքենան, շարժվանք, պարզվավ, որ սխալ ճանապարհով գնացինք, ճանապարհին վերջնական տրաքանք… Էդ տրաքելուց հետո էլ բան չեմ հիշում: Բայց տղաները պատմում են, որ էնքան ծանր եմ էլել, որ մենակ մատս եմ շարժե, որ սաղ եմ, էկեք մոտիկ:
Էկել են ու տենց պալատկի վրա դրե, չորս հոգով ինձի քաշե տարել են չորրորդ բատալիոնի մինամյոտի պազիցիա, արդեն թիկունք ա ընկնում: Մինամյոտի պազիցիայից մի հատ կամազ են ճարել, էն էլ կալյոսները տրաքած, էդ կալյոսները տրաքած կամազով մի կերպ հասել ենք Մատաղիսի բատալիոնի տակը, ոնց որ հիվանդանոց էին սարքել, բուժկետ, վիրահատություններ էին անում: Տիկոն պատմում ա, որ ըտե չկարացին քեզ վիրահատեին, որովհետեւ անհնար էր: Գլուխդ բաց, փորդ բաց, ու ասում ա անընդհատ արյուն էիր հետ տալի: Ըտե մենակ ցավազրկում են, դեմքս փաթաթում են, փորս փաթաթում են ու դնում են սկոռին տանում են Մարտակերտ: Մարտակերտն էլ չի ընդունում, Մարտակերտի հոսպիտալը, ասում են՝ սենց ծանր զինվոր չեմ կարա ընդունեմ: Տենց միանգամից վերտալյոտով բերում են Երեւան: Էրեբունի հիվանդանոց: Ամենահետաքրքիրն էն ա, ամսի 3-ին հենց, ամսի 2-ին եղավ վերջի վիրավորվելս, ճանապարհին, ամսի իրեքին հենց Մարտակերտից վերտալյոտով տեղափոխելուց, հենց մեր սաստավը, վերջի վիրավորների սաստավը դուրս ա գալիս, իրանց սմեռչը խփում ա Մարտակերտի հոսպիտալի վրա:
Էրեբունի են բերել, ու Էրեբունի ռեանիմացիայում 22 օր կոմայի մեջ եմ էլե, ու առաջի անգամ կոմայից որ զարթնա, չեմ կարա բացատրեմ, բայց մի հատ ահավոր վիճակ էր, ձեռներս ու ոտերս կապած էր, ես չէի զգում, որ կապած ա, բայց անշարժ էի: Սաղ շլանգ էր: Սենց կողերիս էի խփում: Դե որ սեւ էր, ես սեւ չեմ տեսե, վերջին անգամ ես հիշում եմ ճանապարհ, դիակներ, կրակոցներ, իմ կրակելը, որ զենքը հենել էի ոտերիս արանքը, էնքան ա որ ձգանը քաշում եմ, սաղ հիշում եմ…
Բայց զարթնում ես, ու սաղ սեւ ա: Պառկած ես, ու սեւ ա: Մենակ մի բան էի մտածում՝ էս մեռել եմ, դագաղ ա, հոգի՞ս ա, թե էս ինչ ա: Հետո որ տենց քույր-բան գնացին-էկան, ասին՝ ինքն էլ ա անհայտ, մեկ էլ հիշում եմ, որ էս կողս արյան կարգս էր արյունով գրած, երկրորդի դրական: Մենակ էթում-գալի, շորը բարձրացնում էտի էին նայում, ասում էին էս զինվորը անհայտ ա: Նու, իմ բերանը կարած էր, ես էլ չէի խոսում, անշարժ էի, չէի կարում ասեմ, որ ես անուն-ազգանուն ունեմ, Վրեժ Բադալյանն եմ, ո՞նց եմ անհայտ:
Քրիստինե (կինը). Պատերազմի օրերին երեք օր չզանգեց, որ արդեն լսեցինք պատերազմ ա: Էդ 27-ի լուսաբացից արդեն անհասանելի էր ինքը: Էրկու օր չզանգեց, հետո զանգեց, ասեց՝ լավ եմ, մի՛ անհանգստացեք, պոստերում եմ, տղաների հետ, բայց ըտենց խառը չի, ոնց որ ասում են, էլի: Տենց հանգստացրեց: Բայց արդեն 30-ից երեք օր չէր զանգում, լուր չունեինք: Ու լսեցինք, որ վիրավորվել ա:
Լիլիթ (մայրը). Ընկերուհիս զանգեց, ասեց՝ Լիլիթ, Վրեժին ճարել եմ: Ասեցի՝ ո՞նց: Ասեց՝ հլը նկարը ուղարկում եմ, նայի տես էս Վրե՞ժն ա: Թեւի խաչից արդեն հասկացա, որ էս Վրեժն ա, բայց անճանաչելի էր: Հասա ընդեղ, մտա Վրեժին տեսա, բայց չգիտեմ, շոկի մեջ էի, ոչ մի բան էլ չէի գիտակցում: Հետագան չես գիտակցում: Էդ րոպեին մտածում ես, որ մենակ քո երեխային դու քթնես, իրան տեսնես… Անկախ ինձանից սենց վազեցի Վրեժի վրա, ուզում եմ ոտքերին ձեռք տամ, ձեռներին, տենում եմ Վրեժին կապած ա: Քույրն ասեց՝ խնդրում եմ չկպնեք էլի իրան: Հազիվ սենց ոտքերին ձեռք տվեցի, ձեռը դրեցի ափիս մեջ: Խոսեցի իրա հետ, բայց ոչ մի ռեակցիա չկար: Ու դուրս էկա: Ըտեղ բժշկի հետ եղբայրս խոսեց, ասեց ի՞նչն ա, ասեց, որ Վրեժը հիմա կոմայի մեջ ա:
Վրեժ. Քսաներկու օր կոմա, հետո տաս օր արդեն վերակենդանացում, էն որ արդեն քիչ-քիչ, օր օրի արդեն դզվում էի, ու կոմայից զարթնել էի, 7-րդ-8-րդ օրն էր, մի հատ քույր մոտիկացավ ու սկսեց հարցեր տալ: Ես գլխով հա կամ չէ էի անում: Սկսեց անուններ տալ՝ որտե՞ ես ծառայել, հասավ Մատաղիսին, ասեցի՝ հա: Ասեց՝ բարդ տեղ ես կռվել, ասի՝ հա: Ասեց՝ բա անունդ ո՞նց իմանանք: Սկսեց այբուբենը ասել, հասավ «վ»-ին, ասեց «Վահե», ասի՝ չէ, ասեց «Վարդան», ասի՝ չէ, ասեց «Վարուժ», ասի՝ չէ ու սենց մի քիչ իրար տվի, շատ իրար տվեցի: Ասեց՝ խի՞ ջղայնացար, ամենաչսիրածդ անո՞ւնն ա, ասում եմ՝ հա: Ասեց «Վրեժ», ասեցի՝ հա՛, հա՛, ուրախացա: Ասեց՝ էդ ա, լավ ա, գրեց մոտը, ասեց դու իմ հարցերին ինչ պատասխանում ես, ես գրում եմ: Ասեց ոնց որ խելքդ տեղն ա էլի, գիտակցում ես: Ասում եմ՝ հա՛, հա՛, հա՛, սաղ նորմալ ա մոտս: Ասում ա՝ հրաշք ա, որ սաղ լավ ա մոտդ, դե մինչեւ էդ ասում էին եթե կոմայից դուրս գա, ինքը բույս ա ըլնելու, ոչ մի բան չի գիտակցելու, բայց փառք Աստծո, ամեն ինչ էլ գիտակցում եմ: Սկսեց այբուբենը ասել, հասավ «Բ»-ին, «Բարսեղյան», ասեցի չէ, «Բադալյան», ասեցի՝ հա, գրեց «Վրեժ Բադալյան»: Թվերն էլ սկսեց հերթով ասել. 1980, 1990, հասավ 2000, 2001, ասի՝ հա, 2001: Ու տենց՝ բա 19 տարեկան ե՞ս, ասի հա: Բա՝ շուտով 20 ես դառնում, հա՛: Էդ էլ գրեց…
Ու տենց քիչ-քիչ ոնց որ արդեն ռեանիմացիայում զգում էի մարմինս, որ ձեռներս տեղն ա, ոտերս տեղն ա, հետո զգացի, որ դեմքիս կեսը չկա, ցավում ա, գլխացավերը շատանում ա, փորս ցավումա, որովհետեւ աղիքներս դուսն ա, պարկով, ստոմայով դուսն ա, քիչ-քիչ սկսեցի հասկանալ՝ ինչը ոնց ա: Հետո զգացի, որ ոտերս չեմ կարում շարժեմ, հարվածը շատը մեջքիս էլ ա կպե, մեջքս էր ահավոր ցավում… Ու տենց տաս օր մնացի ռեանիմացիա ու մի ձեւ հասկացրի, որ ես գժվում եմ արդեն, էս ձեների մեջ անհնար ա ես ստե մնամ: Տենց մի կերպ հասկացրի, որ հեռախոս եմ ուզում: Մի կերպ տենց քույրը մատը դրեց, էս կոկորդս ծակ էր, ստե, ասեց՝ խոսա տենամ ինչ ես ասում, դե որ օդ չեթա, կարանամ խոսամ, մի կերպ ասի «մամա, մամա», մի կերպ ասեցի՝ «մամային եմ ուզում, մամային եմ ուզում», տենց զանգեց հեռախոսը դրեց ականջիս, մի կերպ խոսացի, նու ու անկապ ձեներ էի հանում, բառ չէի կարում ասեի, անկապ ձեներ հանեցի, մաման հելավ էկավ, հասկացրի, որ հանի ինձ ստից, չեմ դիմանում: Իրոք անհնար էր: Մեկը գոռում էր՝ ոտս ա ցավում, մեկը գոռում ա՝ գլուխս ա ցավում, ձենների մեջ ցնդում էի, չէի կարում, ոչ կարում էի քնեի, ու իմ մեջ էլ էդ վախը կար հլը, որ էդ ձենները կար: Հենց աչքերս փակում էի, գոռում էին ա՜խ ոտս, ա՜խ գլուխս, ես մտածում եմ՝ հլը ըտեղ հողերի վրա պառկած եմ ու կռիվ ա հլը: Դե որ մաման էլ քույրական սովորել էր, տենց թույլ տվեցին, որ մաման ինձ պահի: Ու փրկվա: Հելա պալատ ու վսյո: Օր օրի արդեն գազ էի տալի ու լրիվ դզվում էի: Մենակ ասում էի ինչ կա տվեք ուտեմ, էնքան սոված էի:
Լիլիթ (մայրը). Մի օր տրամադրությունը լավ էր իրա, ժպտում էր: Մտա, ասեցի՝ Վրեժ ջան, ո՞նց ես էսօր: Գլխով արեց: Ասի՝ Վրեժ, որ աչքդ բաց ա, մեռնեմ քեզ, մի բան հարցնեմ, դու մամային տեսնու՞մ ես: Սենց զարմացած ինքն էլ բան էղավ: Ասի Վրեժ հլը մի հատ ուշադիր նայի մամային, տեսնեմ դու տեսնո՞ւմ ես, թե՞ չէ: Ասեց՝ չէ: Ու էդ ա էղել, ես հասկացա, որ Վրեժը չի տենում:
Վրեժ. Դե ասում են գլխիդ ասկոլկեն ամենաառաջինը պիտի հեռացվի, պլաստիկը պիտի արվի: Հիմնականում էն են ասում, որ գլուխդ պիտի բացվի, էդ ասկոլկեն հանվի, հատակդ, որ ջարդած ա, փշրված ա, էդ հատակը պիտի հավաքվի, նոր հասկանանք՝ ինչից ա: Աչքիս ընդհանուր հատակը վալնայից փշրվել ա: Նստել ա ամբողջ էդ բաների վրա, լարերի վրա, գլխից էկացող, ու ստեղից անցած ասկոլկա կա շատ մեծ չափի: Բժիշկները ասեցին՝ նու, կարանք անենք, բայց մենք հաստա՞տ կարանք անենք… Ես էլ եմ վստահ, որ կարան անեն, բայց բացատրեցին սենց, որ մեր տեխնալոգիան ու բժշկական տերմիններով գիտելիքները չի բավարարում նրան, որ մենք կարենանք քո վիճակը կայունացնենք: Ասում ա՝ քո մոտ էլ նենց ծանր վիճակ ա, որ դու պիտի հատուկ ապարատների տակ պառկած ըլնես, քո սիրտը աշխատի հատուկ ապարատի տակ, քո գլուխը աշխատի հատուկ ապարատի տակ, որ հանկարծ քո ուղեղը, չգիտեմ, կաթված չտա, սիրտը չկայնի, որովհետեւ դաժե աղիքներիս վիրահատությունը տեւել ա իրեք ժամ, չորս ժամ, էն էլ ութ ամիս թողել են, որ լրիվ դզվեմ, գոնե մի քիչ էդ գլխիս վիճակը, էդ ջարդածները, գոնե էդ գեմատոմաները, մի քիչ դեղերով, վիտամիններով գոնե անցնեն նոր անեն: Էլի կասկածելով անում էին, որովհետեւ ասում էին շատ բարդ վիրահատություն ա:
Լիլիթ (մայրը). Երեւանում վարձով ենք մնում, քանի որ Վրեժին ավելի մոտ լինենք էլի, բժիշկների հետ կապված իրա էդ փուլերը շարունակելու: Դե բժշկի հետ մենք կապ հաստատեցինք, ես Վրեժի թղթերը ուղարկեցի Գերմանիա, ասում ա մինչեւ Վրեժը չհասնի ստեղ, մենք ոչ մի բան չենք կարա ասենք, բայց նաեւ Վրեժի չտեսնելու պատճառը ես չեմ քթնում, թե ինքը ինչից չի տեսնում: Հիմա ընդեղ ի՞նչ խնդիր ա, ինքը ստեղ խնդրեց, որ Վրեժին նորից յա-մե-էռ անենք, չկարողացանք յա-մե-էռ անել, որովհետեւ Վրեժի ասկոլկաները շատ են: Մտածել ենք, որ երկրից դուրս գնանք, համ պլաստիկ վիրահատությունները կարվի… Դե մենք Մոսկվա ենք գնացել դրանից առաջ, էլի ծնոտը իրան չի, ծնոտը հավաքել են, գլխի վիրահատություն ենք արել երկու անգամ: Հիմա ոչինիչ… Դե Վրեժը չէր քայլում, Վրեժը կալյասկայի վրա էր, Մոսկվայում մեզ օգնեցին, որ Վրեժը ընդեղ քայլել սովորի, քայլի: Ահագին բանի հասել ենք: Չնայած Վրեժի ուժը շատ ա, Վրեժը շատ մեծ ուժ ունի: Ու էդ ուժը փոխանցել ա բոլորիս, որ ուժեղանանք, պայքարենք միասին:
Վրեժ. Առաջի դասարանից մինչեւ 12-րդ դասարան իրար հետ ենք սովորել: Նույն գյուղում էինք համարյա: Տատիկիս տունը ու իրանց տունը համարյա նույն ուղղության վրա էր, նույն փողոցի վրա, էն որ էթում եմ հմի տատիկի տուն, որ մոտիկ ըլնեմ, տենալը հեշտ ըլնի, իրար հետ դպրոց, հետո պարապմունքների: Տենց պարապելու ավելի հեշտ էր օրվա մեջ հանդիպելը, մի քանի անգամ հանդիպելը: Ու տենց կապնվանք, սիրեցինք, տենց մինչեւ բանակ գնալն էլ մենք մեր մեջ ոնց որ երդում տվեցինք, որ ինչ էլ լինի, իրար կհասնենք, կսպասենք… Նու ինքը ինձ ասեց, որ, դե ես բանակ էի գնում, ինքն էլ գյուղից գալիս էր Երեւան սովորելու, հեշտ չէր ընդհանրապես, ես էլ վախենում էի՝ դե գա Երեւան, սովորի, բան, մեկի հետ հանդիպի, սենց… Մենք իրար մեջ երդում տվեցինք իրար, որ տենց կսպասենք, կհասնենք, ու տենց ես գնացի բանակ, ինքն էլ գյուղից էկավ Էրեւան սովորելու, ու հենց սկզբից էլ ամեն ինչ շատ լավ էր: Էնքան լավ էր գնում ամեն ինչ, որ դաժե պրիսյագիս էկավ մերոնց հետ:
Լիլիթ (մայրը). Վրեժը զանգեց արդեն երեկոյան ժամը… լուսաբաց էր արդեն, մենք շարժվում էինք, ասեց՝ մամա, ի՞նչ արեցիք, բա ասեցի՝ տղաս, Քրիստինեն չի գալիս, ու կողքից Քրիստինեն խառնվել ա իրար, ասում ա՝ լավ էլի, Լիլիա ծյոծյա, արի Վրեժին չխաբենք: Ասի՝ չէ, թո իրա համար անակնկալ լինի: Հիմա Վրեժը հեռախոսով զանգել ա ինձ, պախկվել ա զինվորների հետեւը, զանգել ա ինձ, ասում ա՝ մամա, ի՞նչ արեցիք, Քրիստինեին բերե՞լ եք: Ասում եմ՝ չէ, ու Քրիստինեն իրա ձեռքը, չի համբերում, սենց բարձրացրել ա վերեւ, որ Վրեժը իրա ձեռքը տենա: Ասում եմ՝ Քրիստինե, ձեռդ իջացրու: Ասում ա՝ մամա, բա էն ի՞նչ ձեռք ա, ասում եմ՝ քուրիկն ա: Հետո, որ արդեն տեսավ, հիմա մեծ, երկար պատ ա, ժողովուրդը քանի որ շատ էին, մենք պտի էդ պատի վրից, որոշեցինք, որ շուտ անցնենք Վրեժի մոտ, հիմա քանի որ Քրիստինեն բոյով էր, երկու քայլից Քրիստինեն պատի վրից թռավ, ես էլ թռա, հիմա աղջիկս մնացել ա, պիտի իրան էլ անցկացնենք, աղջկաս ուրեմն թողեցինք, մոռացանք էլ որ Էմմա ունենք, որ պտի իրան էլ հանենք, Էմմային թողել ենք, մենք վազում ենք Վրեժի մոտ:
Վրեժ. Շարահրապարակում արդեն հեռվից տեսա, վաբշե ուրախացա, որ էկել ա: Ու տենց: Ծառայությունը անցավ շատ լավ, ու հետո պատերազմ…
Քրիստինե (կինը). Առաջին օրը չթողեցին տեսնեմ: Ասեցին՝ կմտնես, քեզ վատ կզգաս: Հետո մի կերպ համոզելով, որ ուզում եմ տենամ, երկրորդ օրը տենց մտա, տեսա: Ամեն օր մտնում էի, կռիվ էի անում բժիշկների հետ՝ էսօր իմ օրն ա, ես պետք ա մտնեմ ռեանիմացիա, տեսնեմ:
Վրեժ. 99 տոկոսը ինքը արեց, որ ես ապաքինվեցի: Էն որ ես մենակ ռեանիմացիայում, գալիս էր, ձեռս բռնում էր, ասում էր՝ խոսք տուր, որ սաղ լավ ա լինելու, էսքան վախտ դու ինչ խոստացել ես, արել ես, ասում էի՝ հա: Ու լավ էղավ էլի, էն որ չգիտեմ, մեր ուժը մեծ էր, էն որ իրար սիրելով ու կարացինք անենք ու ապաքինվելուց հետո ոչ թե ամուսնացանք, այլ փախանք:
Քրիստինե. Լրիվ պատահական երկու օրում սենց որոշեց Վրեժը, որ պետք ա փախնենք:
Վրեժ. Խաբեց փախցրեց ինձ:
[ծիծաղում են]
Քրիստինե. Ե՞ս, թե՞ դու:
Վրեժ. Դու ինձ:
Քրիստինե. [ծիծաղում է] Ես խաբեցի Վրեժին փախցրեցի:
Վրեժ. [ծիծաղում է] Փախցրեցի իրան: Փախցրեցի իրան, ու հետո տենց գնացինք եկեղեցի, ոնց որ պետք ա…
Քրիստինե. Սայլակին էր, չէ՞, չէր քայլում, գյուղից էկանք տուն, մերոնք սենց խառնված իրար, սեղան են դնում, պատրաստվում են, ես չեմ հասկանում էլի, որ կարող ա Վրեժը գա մեր տուն: Մեկ էլ դուռ ծեծեցին, տեսնեմ Վրեժը ծաղիկներով, ու արդեն քայլում ա: Իմ համար հելել էր սայլակից, ծաղիկները ձեռքը էկել էր մեր տուն:
Լիլիթ (մայրը). Հարսանիքը իրա հովանավորները որոշեցին, որ հարսանիքը պիտի լինի: Ջուլիա կա Հոլանդիայից, Իրինա: Զանգեցին՝ բա Լիլիթ, ի՞նչ ես որոշում, ասեցի՝ Ջուլիա ջան, դե դուք գիտեք, ես… Բա Վրեժը, դե իրա հետ շատ մոտիկ էին, ամեն րոպե խոսում են, Վրեժը իրանց պատմում էր, որ նրանից առաջ ինչ ցանկություններ ա ունեցել, ինչ հարսանիք պտի անի, զանգեցին Մհերին հարսի շորի համար, Մհերն ասեց՝ ես ամբողջը կտրամադրեմ, խնդիր չկա: Սենց: Երաժիշտներին Արամը, մյուսը, մյուսը, բոլորը իրար հետ կազմակերպեցին, թամադայով, շատ հետաքրքիր հարսանիք էղավ: Հարսանիքն էլ որոշեցինք, որ անենք:
Վրեժ. Անկեղծ, ապագայի մասին էդքան էլ չեմ մտածել, որովհետեւ էս պահը, չգիտեմ, էնքան խառն ա, էնքան վատ իրավիճակ ա, որ իրոք չգիտեմ, շատ լուրջ ա էլի, էն որ ոչ մի բան չես հասկանում ինչ ա կատարվում: Չեմ ուզում մի քիչ կոպիտ ասեմ, բայց էն որ չգիտես ինչ ա կատարվում, չգիտես՝ ինչի հիման վրա սկսես ապագան կամ ինչ հիմքով մտածես ապագայի մասին… Շատ բաներ եմ մտածում, բայց ուզում եմ, որ մենակ դզվեմ, մենակ դզվելը ո՞րն ա, դզված եմ, էլի, տեսողությունս ա մնում, մի 30 տոկոս մնա, էն որ ամեն ինչ էլ կանեմ: Էն որ կյանքում ամեն աշխատանքն էլ իմն ա, ես աշխատանքից չեմ նեղվում: Որ մեքենա էլ եմ սարքել, մեքենայի հետ շփվելն էլ եմ սիրում, չգիտեմ, ամեն ինչն էլ սիրում եմ, էն որ հողագործություն էլ դե, սովորական գավառական մարդ ենք, էտի նորմալ ա:
Ամենակարեւորը իմ համար կյանքում, չգիտեմ, մնացածի համար մնացածի կյանքը ոնց ա դասավորվել, էսքանից հետո, էս կռվից հետո, իմ մոտ ամենակարեւոր նստվածքը էն ա տվել, որ չգիտեմ, հիմա հրաշք լինի, աստվածային չգիտեմ ինչ լինի, էն դզվի, որ օրերից մի օր զարթնենք բոլորով, իմանանք, որ մեր երկիրը լրիվ անփորձանք ձեւով պաշտպանված ա, ոչ մի բան չկա: Թե հիմա ինչքան հող կտան, ինչ չեն անի, չգիտեմ, բայց ես մի բան եմ մտածում՝ էդ հողերը լրիվ էն որ չգիտեմ, տարիներով, դարերով, չգիտեմ, պատմություններով էկացած, լրիվ էն որ չարաբաստիկ, չգիտեմ, սատանայացված հողեր ա: Որտեւ տարիներով էդ հողերի վրա կռիվ ա էղել, տարիներով մեր նման տղերքը գնացել կռվել են, տարիներով մեր արյունը թափվել ա, ու տենց տարիներով էլ ոչ մի հարց չի լուծվել: Հիմա իմ համար էնքան դժվար ա մտածելը, որ ես էսօր տաք տեղ, չոր տեղ հանգիստ նստած եմ, բայց գիտեմ սահմանում ինչ ա կատարվում, իմ նման տղան ոնց ա կանգնած, որովհետեւ ես էղել եմ էդ կարգավիճակում: Էն որ էդ խրամատում կայնել են, էդ որ ասում են՝ «տղա ա, պիտի ծառայի, պոստ պահի», էտի էդքան էլ հեշտ նախադասություն չի: Մենակ ըտենց ասելով չի: Էդ ասողները, որ ասում են՝ դե տղա ա, պիտի ծառայի, պիտի բան անի, իրա հայրենիքի պարտքն ա, բայց ըտենց ասողների տղերքը դուրս ա գալի բեսամպտ նորմալ տեղ ծառայում են, մեր նման հասարակ տղերքը պահում են առաջնագիծ: Ու դրա համար էլ էսօր սենց ա: