ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բուխարեստում ռումինացի պաշտոնակից Նիկոլաե Չուկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ռումինիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի եւ Վրաստանի ռազմածովային ուժերին՝ սեւծովյան տարածաշրջանում Ռուսաստանի թշնամական գործողությունները զսպելու եւ դրանից պաշտպանվելու համար:
ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Սեւ ծովում եւ դրա շուրջը Ռուսաստանի ապակայունացնող գործողություններն արտացոլում են տարածաշրջանում գերիշխող դիրքը վերականգնելու նրա հավակնությունները՝ խանգարելով խաղաղ, ազատ ու միասնական Եվրոպա ստեղծելուն։
Պենտագոնի ղեկավարը Ռումինիա է այցելել Ուկրաինայից ու Վրաստանից հետո՝ դաշնակիցների եւ գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։
Օսթինը Ռումինիայից մեկնել է Բելգիա՝ հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով։