ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ-ի ու Եվրասիական զարգացման բանկի միջեւ «համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրվել է այս տարվա սեպտեմբերի 16-ին։
Ըստ համաձայնագրի՝ Եվրասիական զարգացման բանկը Հայաստանին 3 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Դրամաշնորհը կհատկացվի Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից` «Հայաստանի Հանրապետությունում Քովիդ-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում եւ արձագանքում» ծրագրի շրջանակրում։
ՀՀ Կառավարությունն արդեն նախատեսել է 3 միլիոն դոլարով վերազինել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արարատի եւ Արմավիրի մարզային մասնաճյուղերը։
ՀՎԿԱԿ-ի մարզային տասը մասնաճյուղից հինգը՝ Շիրակի, Լոռու, Սյունիքի Գեղարքունիքի, Տավուշի, արդեն իսկ վերակառուցվել կամ կառուցվել եւ հագեցվել են լաբորատոր սարքավորումներով: