ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Քարեն Դոնֆրիդը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության օրակարգի շուրջ, քննարկվել է նաեւ տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը։
Կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին ու տարածաշրջանում առկա իրավիճակին:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության`Բայրամովը պետքարտուղարի օգնականին է ներկայացրել Բաքվի «դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»:
Քարեն Դոնֆրիդը կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն ու վերահաստատել այս հարցում կողմերին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը։
Հեռախոսազրույցը, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, տեղի է ունեցել Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ։