Ադրբեջանը Իրանին է վերադարձրել բեռնատարներով Հայաստանից Ղարաբաղ մտնելիս ձերբակալված երկու վարորդներին։
«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության սկզբունքներից ու ցուցաբերելով բարի կամք, ըստ համապատասխան պայմանավորվածության, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրեց այդ երկրի երկու քաղաքացու»,- ասված է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդագրությունում:
Գերատեսչությունը հայտարարել է, որ իրանցի վարորդները բերման են ենթարկվել «Ադրբեջանի մաքսային սահմանով մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխելու, ինչպես նաեւ երկրի պահպանվող պետական սահմանն առանց փաստաթղթերի հատելու եւ անցակետերը շրջանցելու համար»:
Իրանական աղբյուրները նշել են, թե Ադրբեջանից իր երկու վարորդներին ստացել է՝ իրանցի վարորդների համար Արցախ մուտք գործելու անթույլատրելիության մասին հայտարարելուց հետո միայն։ Այլ կերպ ասած, Իրանը փաստացի կատարել է Բաքվի կամքը՝ այսպիսով օրինականացնելով Բաքվի՝ ձերբակալումների փորձը:
Երկու իրանցի վարորդներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել էին սեպտեմբերի 15-ին Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում: