ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Հանդիպմանը Պիրիսը նշել է, որ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը:
Անդրադարձ է կատարվել հայկական խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Արտգործնախարարը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ղարաբաղյան վերջին պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակին:
Նա շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեւական եւ համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը։
Կողմերը նաեւ արձանագրել են վեճերի կարգավորման նպատակով ուժի չկիրառման սկզբունքի պահպանման կարեւորությունը: