Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից արտաքսել 10 պետությունների դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակելու իրավապաշտպան Օսման Կավալային:
«Ինչո՞ւ են այդ 10 դեսպանները նման հայտարարություններ անում։ Ես մեր ԱԳՆ-ին ասացի, որ մենք մեր երկրում նրանց ընդունելու ճոխություն չունենք։ Թուրքիային դաս տալը ձեր գո՞րծն է։ Ովքե՞ր եք դուք: Հեռո՛ւ մնացեք Կավալայից։ Դուք ձեր սեփական երկրներում մարդասպաններ, ահաբեկիչներ եւ ավազակներ պահո՞ւմ եք։ Նրանք միշտ պատասխանում են. «Դատարանն անկախ է»։ Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, իսկ մերը` կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս»,- ըստ «ՌԻԱ նովոստիի»՝ Աֆրիկայի երկրներից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։
Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ ԱՄՆ դեսպանատները իրավապաշտպանին ազատ արձակելու կոչ էին արել: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին ու հիշեցրել, որ պետք է հետեւել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային։
Հայտնի թուրք իրավապաշտպան «Anadolu Kültür AŞ» մշակութային հիմնադրամի հիմնադիր Օսման Կավալան, մասնավորապես, աջակցում է էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն, ինչպես, օրինակ՝ թուրքերի եւ հայերի հաշտեցում, քրդական հարցի խաղաղ լուծում: