ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ամեն ջանք գործադրում է ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու համար։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, վերջերս տեղի ունեցած միջադեպերը քննարկվել են հոկտեմբերի 14-ին Մինսկում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ընթացքում»,- նշել է Զախարովան:
Նա ընդգծել է, որ այդ հարցը քննարկվում է նաեւ ռուսական խաղաղապահ զորախմբի, Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի, գլխավոր շտաբների ղեկավարների կանոնավոր շփումների ժամանակ։
Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նաեւ, որ Ռուսաստանը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման համար բոլոր ուղիներով կշարունակի անհրաժեշտ օգնությունը տրամադրել։
Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը եւ Հայաստանը փոխանակել են 122 պահվող անձանց: «2020 թվականի դեկտեմբերից 105 մարդ է վերադարձել Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան: Մենք հույս ունենք, որ պահվող անձանց վերադարձնելու գործընթացը կշարունակվի»,- ընդգծել է Զախարովան: