Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ՝ Թուրքիային խորհուրդ է տրվել փոփոխել Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը, որը քրեական հետապնդում է սահմանում Թուրքիայի նախագահին վիրավորելու համար:
ՄԻԵԴ-ը այս որոշմամբ բավարարել է 2017-ին Ֆեյսբուքում տարածած լուսանկարի եւ ծաղրանկարի պատճառով 11 ամիս 20 օրվա պայմանական ազատազրկման դատապարտված Վեդաթ Շորլիի դիմումը:
ՄԻԵԴ-ի որոշման մեջ նշվել է, որ Շորլիի կալանավորումը, ապա նաեւ ազատազրկման դատավճիռը խախտում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ խոսքի ազատության իրավունքին վերաբերող 10-րդ հոդվածը: Կոնվենցիայի ոգուն հակառակ է դիտվել նաեւ Թուրքիայի ՔՕ 299-րդ հոդվածը, որը նախագահի անձին ավելի բարձր պաշտպանվածություն է ապահովում, քան մյուսներին:
Եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է որպես բարոյական փոխհատուցում 7500 եվրո վճարել Շորլիին: