Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին այցով Մոսկվայում հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Ըստ իրանական IRNA-ի՝ Բաքերին շեշտել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ զրույցները դրական եւ կառուցողական են եղել:
Բաքերին նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը միջազգային ասպարեզում մշտապես աջակցել են միմյանց, եւ երկու երկրների միջեւ թյուրիմացություն չկա, քանի որ նրանք համակարծիք են Սիրիայի, Կովկասի, Պարսից ծոցի եւ Կարմիր ծովի վերաբերյալ:
Բաքերին ընդգծել է, որ Իրանն ու Ռուսաստանը երեք ամիս անց Թեհրանում ռազմական հանձնաժողովի համատեղ նիստ կանցկացնեն՝ քննարկելու համար երկկողմ ռազմական կապերը, պաշտպանական արդյունաբերությունը եւ ռազմական պայմանագրերը, Սիրիայում իրավիճակը, տարածաշրջանում անվտանգությունը եւ ահաբեկչության դեմ պայքարը: