ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը rusarm.info-ի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանը չի քննարկում ու չի քննարկելու Ադրբեջանի համար միջանցք բացելու հարցը։ «Ադրբեջանի հայտարարությունները միջանցքի մասին փոխվարչապետների հանդիպման աշխատանքներից դուրս են։ «Միջանցք» տերմինը օգտագործում են միայն Ադրբեջանում, Ռուսաստանի մեր գործընկերները նույնպես չեն կիրառում այդ տերմինը»,- նշել է Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը կառավարության հայտարարած «խաղաղության դարաշրջանի» համատեքստում է առաջ շարժվում՝ ամեն կերպ աշխատելով ապաշրջափակման ուղղությամբ։ «Ապաշրջափակում չի նշանակում մեկ ճանապարհի բացում. որքան ճանապարհներ բացվելու են Ադրբեջանի համար, այնքան էլ Հայաստանի համար։ Տավուշից եւ Սյունիքից մենք կարողանալու ենք մտնել Ադրբեջանի տարածք եւ կապվել Ռուսաստանի եւ Հարավային Ասիայի հետ»,- ասել է Գրիգորյանը։
ՀՀ ԱԽ քարտուղարը հայտնել է, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը Մոսկվայում արդյունավետ էր։ Սա եռակողմ աշխատանքային խմբի 8-րդ նիստի առաջին մասն էր, որի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները, քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը։ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաեւը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել 8-րդ նիստի երկրորդ մասը։
Ինչու Հայաստանը չի պահանջում Սեւ լճից ադրբեջանցի զինվորականների հեռանալը հարցին Գրիգորյանը պատասխանել է․ «Պահանջում ենք, ամեն տեղ բարձրացնում ենք այս հարցը, փորձում ենք դիվանագիտորեն լուծել հարցը»։
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներ ապատեղեկատվություն են տարածում, թե իբր ադրբեջանցիները սկսել են կառույցներ ստեղծել Սեւ լճի տարածքում կամ էլ տարածքից առաջ են անցել։ Նա նշել է, թե այդ խնդիրը կարգավորելու համար սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց է պետք, որը դեռ չի սկսվել։
ԱԽ քարտուղարն՝ ընդդեմ ՄԻՊ-ի
Գրիգորյանը քննադատել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ նշելով, թե երբեւէ չի տեսել նրանից անաչառ հայտարարություն։ «Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական հայտարարություններ է անում, որոնք հետո հերքվում են պաշտպանության կամ այլ նախարարություններից։ Նա ակնհայտորեն ընդդիմադիր դաշտում հայտ է ներկայացրել եւ դիվիդենտներ է վաստակում»,- պնդել է Գրիգորյանը։ Նա հայտարարել է, թե որոշ մարդիկ հանդես են գալիս «հակահեղափոխական դիրքերից», եւ Թաթոյանը նրանց շարքում է։
«Նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս։ «Քաղաքացիական պայմանագիրը» այդ ժամանակ կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 2016-ի փետրվարի 23-ին վեց տարով։ 2022-ի նույն օրը նրա պաշտոնավարումը պաշտոնապես ավարտվելու է։