Կառավարության նիստում, ի թիվս մի շարք որոշումների, որոշվեց Գեղամա լեռնաշղթայի Թառ (3530 մ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։
Հանրության շրջանում լեռն առավել հայտնի է Կարմիր Կատար անվամբ: Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում: Այն խարամալավային կոն է. գագաթային հատվածում ունի 300 մետր տրամագծով խառնարան, որտեղ ձեւավորվել է խառնարանային լիճ:
Բնության հուշարձանները ՀՀ օրենսդրությամբ համարվում են բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ): Մինչ այս բնության հուշարձանները 232-ն էին:
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ապահովել Կարմիր Կատարի պահպանությունն ու պաշտպանությունը, արտաքին գեղագիտական եւ երկրաբանական անխաթար տեսքը:
Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականների հիմնավորմամբ այն երկրաբանական արժեքավոր տարածք է: Հարավարեւմտյան հիմքից տեսանելի է 21 կմ երկարությամբ տրախիանդեզիտային կազմի լավային հոսք, որն այլ հոսքերի հետ առաջացնում է ուսուցողական շերտագրական միավոր:
Գեղամա լեռնաշղթայի աջ ու ձախ շարվածքով հրաբխային լեռները նաեւ զբոսաշրջային մեծ նշանակություն ունեն: Հատկապես Աժդահակն ու Կարմիր Կատարը բազմաթիվ լեռնագնացների սիրելի վայրերից են։ Աժդահակը (3597 մ), որի հարաբերական բարձրությունը Կարմիր Կատարի նկատմամբ 60 մ է, կարծես թաքնված լինի վերջինիս հետեւում:
Լեռնագնացները հաճախ Աժդահակ բարձրանալուց առաջ հաղթահարում են Կարմիր Կատարի բարձունքը, հիանում փիրուզագույն խառնարանային լճով, ապա երկու լեռները միմյանց միացնող «կամրջով» շարժվում դեպի Աժդահակ: Վերջինս արդեն իսկ ներառված էր Հայաստանի բնության հուշարձանների ցանկում:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։