ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) պատվիրակությանը։
Ըստ ՀՀ ԱՆ հաղորդագրության` պատվիրակության կազմում են Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը, գլխավոր բժիշկ Անժելիկա Միլիչկինան, ինովացիոն գծով տնօրենի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Սվետլանա Եգորովան եւ կենտրոնական կլինիկաախտաբանական լաբորատորիայի վարիչ Իրինա Խամիտովան։
ՌԴ պատվիրակության եռօրյա այցի նպատակն է ուսումնասիրել եւ մեթոդական օժանդակություն ցուցաբերել հայ մասնագետներին կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ Հայաստանի բնակչության պոպուլյացիոն իմունիտետի գնահատման եւ հետազոտության իրականացման հարցում։
Հանդիպման ընթացքում Պաստերի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արեգ Տոտոլյանը ներկայացրել է զեկույց` տարածաշրջանում իրականացված կորոնավիրուսային համավարակի պայմաններում «SARS COV-2» վիրուսի նկատմամբ վիճակագրության տվյալների վերաբերյալ` հիմնված Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի վիճակագրական ցուցանիշների վրա: Այժմ նույնը կարվի Հայաստանի համար։