ՀՀ պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 19-ի պարզաբանմամբ հերքել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ապօրինի (unlawful) ներխուժած ադրբեջանական զինված ուժերը ՀՀ գյուղերի անմիջական հարեւանությամբ իրականացնում են ամրացման ակտիվ, այդ թվում՝ ճանապարհների կառուցման աշխատանքներ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ եւ այլն։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ դրանից հետո փաստացի սկսվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաեւ ԱԱԽ քարտուղարը։
Հակառակորդի անօրինականություններն ու ՀՀ քաղաքացիների ոտնահարված իրավունքները
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ հոկտեմբերի 18-ի հայտարարության պատճառն այն էր, որ ադրբեջանական զինված ուժերի արարքներով կոպտորեն ոտնահարված են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, անվտանգ ու խաղաղ կյանքի, սեփականության եւ մյուս կենսական իրավունքները (գնդակոծվում է քաղաքացիական բնակչությունը, մարդիկ չեն կարողանում օգտվել իրենց հողատարածքներից եւ այլն): «Պաշտպանին են շարունակում հասցեագրվել քաղաքացիների բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ»,- շեշտել է Արման Թաթոյանը:
Հոկտեմբերի 18-ի հայտարարության նպատակն էր ցույց տալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքները եւ այդ արարքների անմիջական կապը ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, սեփականության եւ կենսական մյուս իրավունքների խախտումների հետ:
Պաշտպանը ուռճացված կամ ոչ ստույգ հայտարարություններ չի անում
Ընդ որում՝ նշված հայտարարության հիմքում դրված էին փաստեր, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետեւողականորեն հավաքագրել է վերջին ամիսների ամենօրյա մշտադիտարկումների եւ ահազանգերի ուսումնասիրությունների արդյունքներով։
«Հետեւաբար պաշտպանության նախարարության վարչական ապարատի այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացրել հոկտեմբերի 19-ին հանդես գալ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքները կասկածի տակ դնող հայտարարությամբ, պետք է միշտ հիշեն, որ Պաշտպանը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել եւս ունեն անճշտություններ»,- ընդգծված է հաղորդագրության մեջ:
Անհեռատես ձեւակերպումներն՝ ընդդեմ ՄԻՊ-ի աշխատանքի հավաստիության
ՀՀ ՄԻՊ-ն ընդգծել է, որ իր հրապարակային հայտարարությունների համար միշտ ունենում է առնվազն մի քանի հավաստի ապացույցներ: «Ուստի նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլեւս թույլ չտալ նման անհեռատես ձեւակերպումներ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս»,- շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանը:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ «քաղաքական դժգոհությունները մեղմելու նկատառումով Մարդու իրավունքների պաշտպանի հոկտեմբերի 18-ի ճշգրիտ հայտարարությունը հերքելու փոխարեն պաշտպանության նախարարության նշված պաշտոնյաները պետք է գիտակցեին, որ ոչ միայն հերքում են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ճշգրիտ հայտարարություն, այլև հատկապես միջազգային հարթակներում գեներացնում են ադրբեջանական արշավ ոչ միայն այդ հայտարարության, այլեւ Պաշտպանի աշխատանքի հավաստիության դեմ առհասարակ»։
ՄԻՊ-ին հերքել՝ նշանակում է ջուր լցնել հակառակորդի ջրաղացին
ՀՀ պաշտպանության նախարարության հոկտեմբերի 19-ի հերքումն հօգուտ իրենց օգտագործելով՝ ադրբեջանական տեղական ու արտասահմանյան աղբյուրներով հայտարարություններ են արվել այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն է պաշտոնապես հավաստում, որ սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները կամ պնդումները կեղծ են եւ, դիմելով տարբեր ատյանների, պահանջել են Պաշտպանի զեկույցներն ու հայտարարություններն այլեւս հիմք չընդունել:
Ստացվում է՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադրված է պաշտպանության նախարարության վարչական ապարատի պաշտոնյաներին հրապարակային պարզաբանել, որ իր զեկույցները, հայտարարությունները կազմվում ու հրապարակվում են հատուկ սկզբունքներով, որ հաշվի են առնվում միջազգային ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հնարավորությունները, որ Մարդու իրավունքների պաշտպանի ամեն խոսքն ունի իր արժեքը, եւ որ դրանք հենց զինծառայողների իրավունքները պաշտպանելու, Զինված ուժերին ու երկրին աջակցելու համար են:
Ուստի պետք է նկատի ունենալ, որ Պաշտպանի զեկույցներն ու արված հայտարարությունները, անգամ եթե դրանք կարող են քաղաքական դժգոհությունների առիթ դառնալ, բայց փոխարենը դրանք դառնում են ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար արժեքավոր աղբյուր՝ օգտագործվելով միջազգային ատյաններում, ինչպես, օրինակ՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւ այլն:
ՄԻՊ-ի զեկույցները հիմնված են առաջնային աղբյուրների վրա
Պաշտպանի զեկույցներն ու հայտարարությունները մշտապես հիմնված են առաջնային աղբյուրների, ոչ թե միջնորդավորված ու աղճատված տվյալների վրա: Դրանք հենց արժեքավոր են նրանով, որ անկախ աշխատանքների արդյունք են:
«Ի վերջո, պատերազմից հետո ընկած ամբողջ ժամանակահատվածում պաշտպանության նախարարությունը գոնե կարող էր ինչ-որ կերպ աջակցել Ադրբեջանի հետ սահմանների շուրջն անվտանգության գոտի ստեղծելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկին, որ ավելի է տարածում ստանում միջազգային հարթակներում: Չէ՞ որ դա ադրբեջանական հանցավոր արարքներից ՀՀ քաղաքացիական բնակչության ու զինծառայողների կյանքի եւ մյուս իրավունքների պաշտպանության համար է»,- ընդգծել է Արման Թաթոյանը:
Ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ իր հրապարակային ու ոչ հրապարակային գործունեությամբ միշտ աջակցել է Զինված ուժերին եւ շարունակելու է նույն սկզբունքով գործել: Որեւէ անգամ թույլ չի տրվել, որ ստվերվի մեր պետականության բարձրագույն արժեքներից մեկի՝ Զինված ուժերի դերը՝ դրականը միշտ ներկայացնելով նաեւ տարբեր ատյաններում: Ամբողջ գործունեության ընթացքում մշտապես ապահովվել է գործընկերային աշխատանք՝ չվնասելու սկզբունքով, եւ նույնն էլ ակնկալում է փոխադարձ։
ՀՀ ՄԻՊ-ը շեշտել է, որ իր հոկտեմբերի 18-ի հայտարարությունը վերաբերում էր բացառապես ադրբեջանական հանցավոր արարքներին. այն որեւէ անդրադարձ չի կատարել ՀՀ դիրքերում անձնվիրաբար ծառայող զինվորականներին։
Անհիմն կերպով այլեւս կասկածի տակ չդնել ՄԻՊ-ի զեկույցները
«Գեղարքունիքի նորանշանակ մարզպետին էլ առաջարկում ենք իրազեկման նպատակով հնարավորինս լավ ուսումնասիրել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սկզբունքները, աշխատանքի արդյունքներն ու տեղում առկա իրավիճակը եւ մյուս անգամ անհավաստի տվյալների հիման վրա չփորձել կասկածի տակ դնել Պաշտպանի հայտարարությունները կամ զեկույցները: Հուսով ենք՝ գոնե նվազագույն մակարդակով կպահպանվի համագործակցության այն բարձր որակը, որ ձեւավորված էր նախորդ մարզպետի պաշտոնավարման ժամանակ եւ ապահովում էր մարդու իրավունքների պաշտպանության դրական արդյունքներ:
Սույն հայտարարությամբ հրապարակում եմ ընդամենը մի քանի հավաստի ապացույց՝ կարճ տեսանյութի ձեւով, որ հաստատում են ՀՀ ինքնիշխան տարածք՝ Գեղարքունիքի մարզ ադրբեջանական ապօրինի (unlawful) ներխուժումները, ինչպես նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարեւանությամբ նրանց զինծառայողների ամրացման աշխատանքները»,- նշված է հայտարարության մեջ։
ՀՀ ՄԻՊ-ի հայտարարություններն ապացուցողական հիմք ունեն
ՄԻՊ-ի գրառման մեջ նշվում էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները: Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին՝ շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման եւ ինժեներական ակտիվ աշխատանքներ:
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների գրառմանը, ըստ որի՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները, նշել էր, որ այդ պնդումներն ակնհայտորեն ուռճացված են, քանի որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ինժեներական ակտիվ աշխատանքներ չեն իրականացվում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, ավելին՝ նրանց կողմից այդպիսի աշխատանքների փորձերը հաջողությամբ կանխվում են ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։