ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստված անձինք 12 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում: Հետազոտությունն իրականացվել է 14 նահանգների 250 բժշկական կենտրոններում 2021-ի առաջին 8 ամիսների ընթացքում:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ առաջիկա կիրակի՝ հոկտեմբերի 24-ին, բոլոր ցանկացողները կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան նաեւ «Պատվաստումների օր Երեւան քաղաքում» միջոցառման շրջանակում:
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:
Պատվաստումը կիրականացվի Հայաստանում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշմամբ` գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ էլ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցն ունի հակացուցումներ։
Նշենք, որ ՍԴ-ն նոյեմբերի 25-ին կքննի «կամավոր-պարտադիր» պատվաստման սահմանադրականությունը: Կասեցման միջնորդությունը ՍԴ-ում կողմ ձայներ չի հավաքել։