ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ Նորվեգիայի Թագավորությունը Հայաստանին «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութի 620 400 չափաքանակ է նվիրել։
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության եւ «Մոդեռնա» ընկերության միջեւ եռակողմ պայմանագիր։ Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը եւ «Մոդեռնա» ընկերությանը համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար»,- ֆեյսբուքյան գրառմամբ նշել է նախարարը։
Ավանեսյանը հայտնել է նաեւ, որ նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության եւ քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը:
«Մոդեռնա» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 50 հազար չափաքանակ, Հայաստանին էր փոխանցել Լիտվայի Հանրապետությունը։