Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արեւմտյան լրատվամիջոցներին մեղադրել է արցախյան պատերազմը ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար։ Նա թուրքալեզու երկրներին անկախ տեղեկատվական համակարգ եւ լրատվամիջոցներ ստեղծելու կոչ է արել:
Թուրքիայի նախագահը պնդել է, թե առանց վերահսկողության գործող սոցցանցերը սկսել են սպառնալ պետությունների ժողովրդավարությանը, հասարակությանն ու ազգային անվտանգությանը։
«Մեր երկրները պետք է ձեւավորեն անկախ տեղեկատվական համակարգ եւ լրատվամիջոցներ այնպես, ինչպես Թուրքիան այսօր անում է պաշտպանական ոլորտում»,- ասել է Էրդողանը Թյուրքական խորհրդի մեդիաֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։
Նա արեւմտյան լրատվամիջոցներին մեղադրել է 2020-ի աշնանն Արցախում ռազմական հակամարտության լուսաբանման երկակի ստանդարտների համար՝ դա անվանելով «տեղեկատվական էմբարգոյի» առաջին եւ ոչ վերջին օրինակը:
«Տեղեկատվական ոլորտում երկակի ստանդարտները, որոնց մենք ականատես եղանք Ղարաբաղում պատերազմի ժամանակ, հաստատեցին մեր երկրների համար ապատեղեկատվության եւ ստի դեմ պայքարի հարցի կարեւորությունը»,- ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ թուրքալեզու երկրները պետք է ինքնուրույն վերացնեն սպառնալիքները ռազմավարական ոլորտներում, այդ թվում՝ ԶԼՄ-ների հարցում:
2009-ի հոկտեմբերին ստեղծված Թյուրքական խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է ժամանակակից թյուրքական պետություններին: Խորհրդի կազմում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։ Հունգարիան մասնակցում է որպես դիտորդ։
Միջանցքի բացման հարցում նույն վճռականն են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 26-ին մեկնելու է Ադրբեջան եւ նախատեսում է այցելել ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած Վարանդա (Ֆիզուլի)։ Ըստ թուրքական «Anadolu» գործակալության՝ Էրդողանը Վարանդայում ներկա է լինելու քաղաքի օդանավակայանի բացման արարողությանը։
Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին իրենց հսկողության տակ անցած արցախյան տարածքների ականազերծման հարցում:
«Այդ հարցը մենք քննարկել ենք Իլհամ Ալիեւի հետ։ Ծրագրի շրջանակում կմասնակցենք օդանավակայանի եւ մի քանի ճանապարհների բացմանը, ինչպես նաեւ կսկսենք գյուղատնտեսական ոլորտի նոր նախագծերը։ Զանգեզուրի միջանցքի բացման հարցում մեր վճռականությունը մնում է անփոփոխ»,- ասել է Էրդողանը։
Կոշտ ակնարկ Թեհրանին
Թուրքիայի նախագահը նաեւ հայտնել է, որ Թուրքիան շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին նրա հսկողության տակ անցած արցախյան տարածքների ականազերծման հարցում եւ այդ նպատակով կտրամադրի հատուկ մեքենաներ:
Թուրքիայի նախագահը անդրադարձել է նաեւ Ադրբեջան-Իրան լարվածությանը՝ ասելով, թե համամիտ չէ, որ այդ ճգնաժամը կարող է թեժանալ։
«Անձամբ ես նման սպասելիք չունեմ։ Իրանը Ադրբեջանին ինչ-որ նպատակ չի դարձնի Իսրայելի հետ Բաքվի հարաբերությունների պատճառով։ Իրանում բնակվող ադրբեջանցիների քանակն ակնհայտ է։ Այդ գործոնն անկասկած կստիպի մտածել։ Ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Կարծում եմ, որ Իրանի նոր իշխանությունը չի շարունակի նույն սխալը»,- պնդել է Էրդողանը։
Թուրքական «սաֆարի»
Նա լրագրողների հետ խոսել է շաբաթասկզբին աֆրիկյան երեք երկիր կատարած այցելության ավարտին՝ անդրադառնալով նաեւ մի շարք այլ հարցերի, մասնավորապես Վաշինգտոն-Անկարա հարաբերություններին։
Ըստ «Anadolu» գործակալության՝ Անկարան ԱՄՆ ղեկավարությունից կպահանջի վերադարձնել ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու համար վճարված 1,4 միլիարդ դոլարը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա կապված է Անկարային ինքնաթիռների ստեղծման նախագծից հանելու ամերիկյան որոշման հետ։
Ըստ Էրդողանի՝ կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։ Այնուամենայնիվ, Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հոկտեմբերի 30-31-ին նախատեսված հանդիպմանը գումարը վերադարձնելու մասին թեմայով խոսելու մտադրություն է հայտնել։ Բայդենն ու Էրդողանը կհանդիպեն Հռոմում՝ Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում։
Միանգամից երկու տարով
Միեւնույն ժամանակ Թուրքիան Սիրիայում, Իրաքում եւ Լիբանանում թուրքական ռազմական ներկայության ժամկետը երկարաձգելու համար միջնորդություններ է ներկայացրել մեջլիս: Իրաքում եւ Սիրիայում թուրքական ռազմական ներկայության ժամկետը նախատեսվում է երկարացնել երկու տարով: Մինչ այս պահը ամեն տարի Թուրքիայի ներկայությունն այս երկրներում երկարացվել է ընդամենը մեկ տարի ժամկետով:
Որպես պատճառ առաջ է քաշվել Սիրիայում եւ Իրաքում քրդական խմբավորումների գործունեությունը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:
Լիբանանի վերաբերյալ միջնորդությամբ պահանջվում է UNIFIL-ի՝ Լիբանանում ՆԱՏՕ-ի ժամանակավոր զորքերի կազմում թուրքական անձնակազմի առաքելության ժամկետը երկարացնել եւս մեկ տարով: