ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները պետք է հասկանան Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման իրենց պատասխանատվության աստիճանը։
«Սկզբունքորեն իհարկե դժվար է վատթարացնել այն, ինչն այսօր գրեթե գոյություն չունի, նկատի ունեմ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի հարաբերությունները որպես փոխգործակցության, երկխոսության հարթակ»,- «Ռոսիա 24»-ի եթերում ասել է փոխնախարարը։
Նա խոստովանել է, որ դաշինքն իր վերջին գործողություններով զգալիորեն ընդլայնեց նման վատթարացման հնարավորության սահմանները հասկանալու հորիզոնները։
«Մենք չենք ընդունում որեւէ փաստարկ, որը թույլ կտա նրանց դաշինքի հետ հարաբերությունների վատթարացման մեղքը դնել Ռուսաստանի ուսերին»,- հավելել է Գրուշկոն։
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ սահմանին ՆԱՏՕ-ի կողմից ռազմավարական բաղադրիչի ներգրավմամբ սառը պատերազմի սխեմաներով ռազմական ակտիվության ընդլայնումը ռազմական նոր իրողություններ է ստեղծում։
Լեհաստանի ՊՆ ղեկավար Մարիուշ Բլաշչակը հոկտեմբերի 21-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում հայտարարել էր, որ ԵՄ պաշտպանական նոր հայեցակարգը` ԵՄ-ի ռազմավարական կողմնացույցը, Ռուսաստանից բխող սպառնալիքներ է ենթադրում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ի պատասխան հայտարարել է, որ ՌԴ-ին զսպելու ՆԱՏՕ-ի ռազմավարությունը ակնառու է դարձնում դաշինքի հետ պաշտոնական երկխոսությունը դադարեցնելու Ռուսաստանի որոշման իրավացիությունը։
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան երբեք պատրանքներ չի ունեցել ՆԱՏՕ-ի էության վերաբերյալ, եւ դա կրկին ապացուցվում է։ Նա շեշտել է, թե դաշինքը ստեղծվել ու նախագծվել է ոչ թե խաղաղության, այլ առճակատման համար։
«ՌԴ-ն մշտապես միջոցներ է ձեռնարկում սեփական շահերը պաշտպանելու համար»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 18-ին հայտարարել էր ՆԱՏՕ-ին կից դիվանագետներին արտաքսելու վերաբերյալ Ռուսաստանի պատասխան միջոցների մասին. բացի Մոսկվայում ՆԱՏՕ-ի կապի ռազմական առաքելության աշխատանքի դադարեցումից՝ դադարեցվում է նաեւ նրա տեղեկատվական բյուրոյի աշխատանքը։
ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը նույնպես նոյեմբերի 1-ից կամ մի փոքր ավելի ուշ դադարեցնում է աշխատանքը։ Ռուսաստանի հետ շփումներ ունենալու համար դաշինքն այսուհետ պետք է դիմի Բելգիայում ՌԴ դեսպանին։