Վանա լճի մակարդակը շարունակում է նվազել երաշտի պատճառով։ Լճում հազարավոր տարիների ընթացքում ձեւավորված եւ միայն սուզվելիս նկատելի մեծ կորալային գոյացություններն այժմ արդեն հայտնվել են ջրի մակերեսին։
Վանի «Յուզունջու Յըլ» համալսարանի ակվակուլտուրայի ֆակուլտետի դասախոս Մուստաֆա Աքուշը, ըստ ermenihaber.am-ի, հայտարարել է, թե տիեզերքից արված լուսանկարներում երեւում է, որ Վանա լճի տեսքը փոխվում է։
«Վանա լճի 2019-ի եւ 2021-ի լուսանկարներում մեծ տարբերություններ են առկա։ Լճի ձեւը մասնակի փոխված է թվում։ 2019-ին ջրի տակ եղած հատվածներն այսօր ափ են դուրս եկել»,- նշել է Աքուշը։ Նա ընդգծել է, որ լճի ջրի մակարդակի նվազումը վտանգավոր է նաեւ աշխարհում միայն Վանա լճում ապրող տառեխի համար։
«Վանա լճում ապրող տառեխները բազմացման շրջանում ամեն տարի «գաղթում են» հոսող ջրեր։ Այժմ ջրի հետ քաշված կետերում տառեխները բազմացման շրջանում սպասում են մոտ երկու շաբաթ։ Տառեխների սպասելուն հարմար վայրերում ջուրը ցամաքել է»,- ահազանգել է մասնագետը։
Նա հույս է հայտնել, որ անձրեւի եւ ձյան տեղումների հետ լճի մակարդակը կրկին կբարձրանա, եւ գալիք ապրիլին սկսվելիք «բազմացման գաղթի» ժամանակ այդ տարածքները կրկին ջրի տակ կլինեն։