Նոյեմբերի 9-ին Հայաստանը եւ Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու: Այս մասին «Ալիք Մեդիան» տեղեկացավ դիվանագիտական վստահելի աղբյուրներից:
Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ եւ մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորսմաժորային իրավիճակներ:
Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը, որով Երեւանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:
Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ եւս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության հաստատման մանրամասներին:
Նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել: Անցյալ տարվա՝ 2020 թվականի այդ օրը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները, իսկ շաբաթների ընթացքում հայկական ուժերը դուրս եկան Հայաստանի Հանրապետության սահմաններ:
Վաղը «Ալիք Մեդիան» ավելի ծավալուն եւ մանրամասն անդրադարձ կկատարի այս երկու ստորագրվելիք փաստաթղթերին, այդ թվում՝ Արցախի կարգավիճակին եւ ճանապարհ-միջանցքին:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։