Թուրքիայի առաջին կին տաղավարային լուսանկարչի՝ Մարիամ Շահինյանի հսկայական արխիվից քսանյոթ լուսանկար այս օրերին ցուցադրվում է Երեւանի «4 պլյուս» լուսանկարչական ստուդիայում:
Հետազոտող, գրող Անահիտ Ղազարյանի ջանքերը՝ ուսումնասիրել Թուրքիայում ապրած եւ ստեղծագործած Մարիամ Շահինյանի շուրջ 200 հազար պատկեր պարունակող արխիվը, ապարդյուն են անցել, եւ նա փորձել է անձամբ փնտրել եւ գտնել լուսանկարներ, որոնք արվել են Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում, որի սեփականատերն էր Մարիամ Շահինյանը:
Անահիտ Ղազարյանը լուսանկարները գնել է Ստամբուլի հնավաճառներից՝ ժամերով ուսումնասիրելով հին լուսանկարների արկղեր: «Լինելով հայ եւ լինելով Ստամբուլում՝ ինչ-որ նշանների հետ ես հարաբերվում, ինչ-որ մասնիկներ են անընդհատ երեւում, որոնք հուշում են, թե այստեղ ինչ-որ պատմություն է եղել, ինչ-որ հետք կա»,- Մարիամ Շահինյանի ցուցահանդեսի առթիվ ասում է Անահիտ Ղազարյանը:
Երբ նա Ստամբուլի հնագրավաճառներից մեկի մոտ գտել է «Ֆոտո Գալաթասարայ» կնիքով առաջին լուսանկարը, հասկացել է, որ եթե կա մեկը, ապա կարող են լինել նաեւ ուրիշները: Քսանյոթ բնօրինակ լուսանկարները՝ կնքված Մարիամ Շահինյանի լուսանկարչական տաղավարի կնիքով, ինչպես «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Անահիտ Ղազարյանը, «ընդամենը կոպեկներով» է ձեռք բերել, բայց դրանք նրա եւ արվեստասերների առջեւ բացել են մի աշխարհ, որը պատմում է զարմանալի մի հայ կնոջ խորհրդավոր կյանքի ու աշխատանքի մասին:
Մարիամ Շահինյանը լուսանկարել է հիսուն տարի, ընդ որում՝ միայն տաղավարում, նույն լուսանկարչական խցիկով, որ արտադրվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին: Ամուսնացած չլինելով եւ վարելով խիստ պահպանողական կյանք՝ լուսանկարչուհին անսովոր իրավիճակներ է բեմադրել տաղավարում լուսանկարվելու գնացածների համար: Հատուկ վերաբերմունք է ունեցել երկար վարսերի հանդեպ, որոնք առատորեն ցուցադրել է լուսանկարներում:
Նրա լուսանկարներում կարելի է տեսնել միանման երկվորյակներ, համբուրվելու պատրաստ տղամարդիկ, աղոթողներ, տաղավարում նստած կիսամերկ կին: Բայց այս ամենին զուգահեռ երեւում են նաեւ պահպանողական ընտանիքներ, որոնց համար ստուդիայում պարբերաբար լուսանկարվելը ընտանեկան կյանքի անբաժան մասն է եղել: «Լուսանկարել է ոչ միայն հայերի, այլեւ հրեաների, թուրքերի, սեւամորթների: Ստամբուլի բազմազանությունը երեւում է նրա լուսանկարներում»,- Ալիք Մեդիա»-ին ասում է Անահիտ Ղազարյանը:
Մարիամ Շահինյանի գործերը Ստամբուլում էլ են ցուցադրվել, բայց դրանք եղել են ժապավեններից երեւակված լուսանկարներ: Երեւանյան այս ցուցահանդեսն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ ցուցադրվում են Մարիամ Շահինյանի տպագրած բնօրինակները: Լուսանկարների մեծ մասի դարձերեսին հայերեն եւ այլ լեզուներով գրություններ կան: «Պատկերների հյուրասենյակ» խորագրով ցուցահանդեսի լուսանկարներից ամենավաղը թվագրված է 1939-ին, ամենաուշը՝ 1974-ին:
1935-1985 թվականներին Ստամբուլի բանուկ թաղամասերից մեկում ունենալով լուսանկարչատուն՝ հայ լուսանկարչուհին շուրջ մեկ միլիոն մարդու է նկարել: Նրա արխիվը մոտ 1139 տուփ նեգատիվից է կազմված: Արխիվը հայտնաբերվել է 1994 թվականին Ստամբուլի Քաղկեդոն (Քադըքյոյ) թաղամասում՝ աղբամանի կողքին: Տարածքի թուրք սեփականատերը, հասկանալով, որ այն հայի է պատկանում, ջանք է գործադրել, որ հայ մեկը գնա եւ աղբամանի մոտից վերցնի այն: Արխիվը ոչնչացումից փրկել է Ստամբուլի «Արաս» հրատարակչատան տնօրեն Էդուարդ Թոմասյանը, որի նկուղում էլ 25 տարի պահվել է այն:
Այդ արխիվն է, որ Անահիտ Ղազարյանը ցանկություն ուներ ուսումնասիրելու, բայց ինչպես ասում է, թույլ չեն տվել, առանց պատճառաբանելու: Արխիվն այս պահին հասանելի է միայն թուրք հետազոտող, լուսանկարիչ Թայֆուն Սերթթաշին, որն էլ պարբերաբար թվայնացնում է լուսանկարները եւ ցուցադրում: Միշտ չէ, սակայն, որ այդ ցուցահանդեսների ժամանակ նշվում են Մարիամ Շահինյանի հայկական անցյալից կարեւոր մանրամասներ։
Մարիամը ծնվել է Սվազի կենտրոնում գտնվող Շահինյանների առանձնատանը, որը հայտնի էր «Ապակե տաղավար» անունով: Նրա պապը՝ Հակոբ Շահինյան Փաշան, Սվազի ներկայացուցիչն էր առաջին Օսմանյան պառլամենտում: 1915-ին՝ Եղեռնի ժամանակ, չորս տարեկան Մարիամն ընտանիքի հետ Սամսունով փախել է Ստամբուլ: Ընտանիքը Սեբաստիայում է թողել հինգ ալրագործարան եւ մեծաքանակ անշարժ գույք: Ստամբուլում Մարիամ Շահինյանը սկսել է հաճախել տեղի հայկական Եսայան սանուց վարժարանը։ Լուսանկարչությամբ զբաղվել է նրա հայրը՝ Միհրանը, որ 1933 թվականին սկսել է աշխատել Ստամբուլի Բերա թաղամասի «Ֆոտո Գալաթասարայ» ստուդիայում։ Մարիամը, որ երազում էր բժշկուհի դառնալ, թողել է ուսումն ու ընտանիքին օգնելու համար միացել հորը, հետագայում արդեն միայնակ է ղեկավարել ստուդիան:
Նրա կյանքն ուսումնասիրած Անահիտ Ղազարյանի կարծիքով, թեեւ Ստամբուլը, Անատոլիան եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքը հայտնի են հայ լուսանկարիչներով, բայց Մարիամ Շահինյանի թողած լուսանկարչական հետքը թերեւս ամենաինքնատիպներից է նրանց մեջ:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։