Մոլդովան արտակարգ իրավիճակ կհայտարարի գազամատակարարման ճգնաժամի պատճառով։
Վարչապետ Նատալյա Գավրիլիցան, անդրադառնալով նախօրեին Մոսկվայում անցկացված բանակցություններիին, ասել է, որ թեեւ իրավիճակը «մեռյալ կետից շարժվել է», բայց այս պահին «Գազպրոմի» հետ վերջնական պայմանագիր, ինչպես նաեւ համաձայնության գալու վստահություն չկա։
Գավրիլիցան ընդգծել է, որ Մոլդովայում գազի դեֆիցիտը հասել է շուրջ 16 միլիոն խորնարդ մետրի, հոկտեմբերի պահանջարկը ապահովված է միայն 67 տոկոսով, գազամատակարարման ցանցում ճնշումն իջել է կրիտիկական մակարդակի, ինչը կարող է համակարգում խաթարումներ առաջացնել։
Մոլդովայի վարչապետն ասել է, որ կառավարությունը նիստ կգումարի, այնուհետեւ կդիմի խորհրդարանին արտակարգ իրավիճակ մտցնելու առաջարկով։ Դա հնարավորություն կտա շրջանցելու օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգեր՝ այլընտրանքային աղբյուրներից գազի գնումներն արագացնելու համար։