Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում հայտարարել է, որ սառը պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները ամենացածր մակարդակում են։
Նա ափսոսանք է հայտնել Մոսկվայում ՆԱՏՕ-ի երկու գրասենյակները եւ Բրյուսելում Ռուսաստանի առաքելությունը փակելու Ռուսաստանի իշխանությունների որոշումների կապակցությամբ՝ նշելով, որ Մոսկվայի հետ շփումների համար դեռ ուղիներ կան։
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները ՆԱՏՕ-ի համաժողովում գնահատել են Ռուսաստանի հրթիռային հնարավորություններից բխող սպառնալիքները, իրենց հակաօդային պաշտպանության ուժերը հզորացնելու որոշում ընդունել ու համաձայնեցրել ընդհանուր պաշտպանական ծրագիրը:
«Մենք հայելային չենք պատասխանի Ռուսաստանի ապակայունացնող պահվածքին եւ մտադրություն չունենք Եվրոպայում միջուկային մարտագլխիկներով նոր ցամաքային հրթիռներ տեղակայելու: Հետեւաբար կկիրառենք քաղաքական եւ ռազմական միջոցների հավասարակշռված փաթեթ, որպեսզի արձագանքենք այս սպառնալիքներին»,- ռուսական «Բուլավա» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկության համատեքստում հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։