Առօրյայում մեզնից յուրաքանչյուրն օրական սպառում է մոտ 150 լիտր մաքուր խմելու ջուր՝ վերածելով այն կեղտաջրի, որը շատ թանկ ռեսուրս է: Մենք վերաբերվում ենք դրան որպես թափոնի, հետևաբար համարժեք անհանգստություն ու մոտեցում չենք ցուցաբերում:
Հայաստանում խմելու ջրի 96%-ը մատակարարվում է ստորգետնյա ջրաղբյուրներից: Սա է պատճառը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո շատ երկրներ համաճարակի խնդրի առջեւ կանգնեցին: Դրանք խմելու համար օգտագործում էին գետերի մաքրված ջուրը, ու ենթակառուցվածքների շահագործման դժվարությունների, հոսանքազրկումների պատճառով զրկվեցին այդ հնարավորությունից:
Սակայն այս ջրերն անսպառ չեն: Համաշխարհային ռեսուրսների ինստիտուտի գնահատմամբ ՄԱԿ-ի անդամ երկրների շարքում Հայաստանը 34-րդն է` որպես ջրային սթրես ունեցող երկիր, այսինքն` ջրառը գերազանցում է քաղցրահամ ջրի պաշարները:
1935 թվականից ի վեր կլիմայի փոփոխության հետեւանքով Հայաստանում տեղումների քանակը նվազել է ավելի քան 10%-ով: Վերջին 15 տարվա ընթացքում նվազել են մեր երկրի տարածքում ձեւավորվող ջրային պաշարները: Կանխատեսվում է, որ մինչև 2030 թվականը ջրի քանակն էլ ավելի կնվազի, առավել եւս՝ մաքուր ջրի: Ստորգետնյա ջրերը ձեւավորվում են որոշակի տարածքում, եւ երբ աղտոտված են լինում, հաճախ չեն հասցնում լիովին ֆիլտրվել: Մաքրման դեպքում հնարավոր է ոչ միայն ապահովել ջրի համապատասխան որակ, այլեւ բազմակի վերօգտագործել այն՝ լուծելով մեր երկրի ջրի աճող պահանջարկի խնդիրը:
2010 թվականից «Ջինջ» ինժեներա-խորհրդատվական ընկերությունը, հաշվի առնելով, որ դասական մաքրման կայանները թանկ են ու համապատասխան մասնագիտացված սպասարկող անձնակազմ են պահանջում, սկսեցին մտածել առավել էժան ու հեշտ շահագործվող կայանների ստեղծման մասին: Ուսումնասիրությունների արդյունքում կանգ առան բնական մաքրման եղանակներով տեխնոլոգիաների վրա: Մշակեցին դրենաժային ու լճակային համակարգի մի քանի մոտեցումներ ու սկսեցին փնտրել հետաքրքրված բնակավայրեր: Պարզվեց՝ ցանկացողները շատ են, վճարունակները կամ վճարել ցանկացողները՝ քիչ:
Ընտրվեց Փարաքար համայնքը, որտեղ ոչ միայն համայնքապետն էր պատրաստակամ համաֆինանսավորելու կայանի ծախսը, այլեւ բնակավայրում սանիատարական ծայրահեղ վիճակ էր: Քանի որ այն հարթ տարածքում է, պոմպակայանները չէին գործում, կեղտաջրերը ողողում էին գյուղի փողոցները, դպրոցի մարզահրապարակը, լցվում տների բակերը: 100 հա գյուղատնտեսական նշանակության տարածք դեգրադացվել էր կեղտաջրերի պատճառով:
«Երբ տարածքով անցանք, զարմացանք: Ուսուցիչները պատմում էին, որ կղզյակների վրայով թռչելով են հասնում դպրոց: Ամռանը պատուհանները փակ էին դասերն անում, որ գարշահոտությունը ներս չլցվի»,- հիշում է «Ջինջ» ինժեներա-խորհրդատվական ընկերության տնօրեն Էդուարդ Մեսրոպյանը:
Նվիրատուների ու համայնքի ուժերով հաջողվեց հայթայթել անհրաժեշտ սկզբնական գումարը: Մեկնարկեցին կայանի նախագծման ու կառուցման աշխատանքները: Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող Միջազգային զարգացման դեպարտամենտի (DFID) ծրագրի կողմից տրամադրված գումարով էլ ավարտին հասցրին երկրորդ փուլը, եւ 2014-ին փորձնական շահագործման հանձնվեց Փարաքարի հիբրիդային մաքրման կայանը, որը գործեց շուրջ երկու տարի:
2017-ին կայանի շահագործման իրավասությունների վերաբաշխման խնդիրներ առաջացան: Գործունեությունը դադարեցվեց՝ հանգեցնելով մի շարք խնդիրների: 2019-ին սուբվենցիոն ծրագրով հնարավոր եղավ մեկնարկել կայանի վերազինման երրորդ փուլը, եւ այժմ այն վերստին պատրաստ է շահագործման:
Կայանը հիբրիդային է, կիրառվում են մաքրման դասական ու բնական եղանակներ:
Մետաղական ցանցերի միջոցով ջուրը ենթարկվում է մեխանիկական մաքրման, որից հետո արհեստական օդավորման լճակում մի քանի օրում կենսաբանական մաքրման է ենթարկվում: Այստեղ 3-4 անգամ նվազում է թթվածնի կենսաբանական պահանջարկը (ԹԿՊ): Երկրորդային պարզարանում ավելցուկային տիղմի նստեցումից հետո պարզեցված կեղտաջուրն անցնում է բնական օդավորման լճակ, որտեղ էլ տեղի է ունենում վերջնական կենսաբանական մաքրումը՝ շնորհիվ օդի եւ արեւի ճառագայթների:
«Սա որակական ցուցանիշով համարժեք է ոռոգման ջրին, այսինքն՝ մենք կարող ենք ապահովել ոռոգման ջուր»,- ասաց պարոն Մեսրոպյանն՝ ավելացնելով, որ Հայաստանը դեռեւս չունի ոռոգման ջրի ստանդարտ, եւ ցուցանիշը վերցված է եվրոպական երկրներից։
Այսպիսով՝ Հայաստանում շահագործման է հանձնվել բնակավայրի կեղտաջրերի կենսաբանական մաքրման առաջին կայանը: Չորսից վեց ամսվա ընթացքում արդեն նկատելի կլինեն արդյունքները:
Խմորված ու չորացված տիղմը կարելի է օգտագործել որպես արժեքավոր պարարտանյութ: Բնական օդավորման լճակում կարելի է աճեցնել հակինթ, որը ոչ միայն հայտնի է ջրի մաքրման հատկություններով, այլեւ կարելի է օգտագործել որպես կեր թռչունների համար: Զրուցակցիս կարծիքով այստեղ կարելի է նաեւ դեկորատիվ ձկներ բուծել՝ կանխելու համար միջատների զարգացումը, կամ, օրինակ՝ կրիաներ, ու մատակարարել ռեստորաններին, ինչպես արվում է շատ երկրներում: Այս դեպքում կնվազի մաքրման կայանի շահագործման ու պահպանման ծախսը, հետեւաբար նաեւ սակագինը:
Ներկայում 1 խմ կեղտաջրի մաքրման ինքնարժեքը հաշվարկվում է 24 դրամ: Տեղեկացնենք, որ ջրահեռացման ու մաքրման համար մենք վճարում ենք 27 դրամ, որը ներառված է ջրամատակարարման սակագնի մեջ, իհարկե այն բնակավայրերում, որտեղ ջրամատակարարողը նաեւ ջրահեռացումն է իրականացնում:
Կայանն օրական կարող է ընդունել 1000 խմ կեղտաջուր, որը լիովին բավարար է Փարաքար համայնքին սպասարկելու համար: Ջրամատակարարման-ջրահեռացման ինժեներ Էդուարդ Մեսրոպյանի պնդմամբ, եթե ցանկություն ու գումար լինի, մեկ փուլով, մեկ տարում հնարավոր կլինի կառուցել նման կայան ոչ ավելի, քան 200000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործել է կեղտաջրերի մաքրման 22 կայան: Կապանի անգործության մատնված կեղտաջրերի կայանը եզակի է եղել ամբողջ ԽՍՀՄ տարածքում, հետաքրքիր լուծումներ է ունեցել Ալավերդու կայանը: Գյումրու կայանի տարածքն այսօր սեփականաշնորհված է, դրա տեղում նույնիսկ տներ են կառուցվել: Նման խնդրի առջեւ են նաեւ Վանաձորում: Երեւանի «Աերացիա» կեղտաջրերի մաքրման կայանն ընդհանրապես չի գործում, այստեղ երբեմն կատարվում է միայն մեխանիկական մաքրում. ցանցերն ընդամենը որսում են խոշոր աղբը: Բայց սա արդեն այլ պատմություն է:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։