ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում 2 հա տարածք են ականազերծել։
Ականազերծման գործողությունների ընթացքում ռուս զինծառայողները կիրառում են տարբեր մոտեցումներ, այդ թվում՝ ականներ հայտնաբերող շների կիրառում, մեխանիկական համակարգեր, ականազերծման ռոբոտատեխնիկական համալիրներ։
Պայթյունավտանգ առարկաներ փնտրելու եւ հայտնաբերելու հմտությունները զարգացնելու համար ռուս խաղաղապահները ավանի տարածքում հատուկ գոտի են առանձնացրել շներին վարժեցնելու համար։ Սպորտային համալիրում հինգ մասնագիտացված խոչընդոտ կա՝ ցանկապատ, առու, գերան, սողանցք եւ աստիճաններ: Մինչեւ մի խումբը մարդասիրական ականազերծման խնդիրներ է կատարում, մյուսը կատարելագործում է իր հմտությունները սպորտային համալիրում։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռոման Կոգաեւը նշել է, որ ամեն օր ծառայողական վարժեցվող շների օգնությամբ փորձում են պայթուցիկ նյութեր գտնել։
«Հայտնաբերելուց հետո շունն անձայն պառկում է: Վարժեցնողը մոտենում է կենդանուն, վերլուծում իրավիճակը, բարձրացնում ձեռքը, հետո մոտենում է ավագը»,- մանրամասնել է Կոգաեւը։
Ըստ խաղաղապահ զորակազմի ներկայացուցչի՝ հումանիտար ականազերծման ստորաբաժանման սպառազինության մեջ կան պայթուցիկ սարքերի որոնման եւ հայտնաբերման ժամանակակից միջոցներ:
«Բայց շատ դեպքերում ապավինում են միայն շներին, քանի որ վարժեցրած շունը կարող է հայտնաբերել ավելի քան կես մետր խորության վրա գտնվող ռազմամթերքում առկա տրոտիլը»,- նշել է Կոգաեւը։