ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ հոկտեմբերի 22-ի դրությամբ ԱՆ ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների եւ քովիդ կլինիկաների թվով 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել է։
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցրել է, որ կիրակի Երեւանում պատվաստումների օր է, եւ նշել, որ նախարար Անահիտ Ավանեսյանը 13:00-ին կմասնակցի պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար:
ՀՀ ԱՆ-ն հրապարակել է նաեւ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի (NCDC) նոր տվյալները, ըստ որոնց՝ ՔՈՎԻԴ-19-ով վարակված եւ չպատվաստված մեծահասակները 12 անգամ ավելի հաճախ են հոսպիտալացվում, քան ամբողջությամբ պատվաստվածները:
Օրվա կորոնաթվերը
Հոկտեմբերի 23-ի՝ 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293014 դեպք, որոնցից 259705-ը` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժվում է 26 078 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում: Երեկ կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: 1219 մարդ առողջացել է, 31-ը՝ մահացել:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1256 է: