ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը մեկնաբանել է սպասվող երկկողմ-եռակողմ հանդիպման, բանակցությունների, սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերը։
Նա ընդգծել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ որեւէ հանդիպում նախատեսված չէ։ Կան տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:
Հունանյանը ակնհայտ սադրիչ է որակել թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը՝ ընդգծելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
ԱԳՆ ներկայացուցիչը իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ է տվել «ուսումնասիրել 2021-ի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը եւ հետահայաց վերլուծել, թե որքանով էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»:
Հունանյանն ընդգծել է, թե վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր եւ բարձրագույն մակարդակով վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ մանդատի ներքո։
«Միեւնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության հիման վրա Հայաստանը ներգրավված է եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) աշխատանքային քննարկումներում, որոնք վերաբերում են տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: 2021 թվականի մայիսից ի վեր եռակողմ ֆորմատով քննարկվել է նաեւ ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերումը ու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացի հնարավոր մեկնարկի գաղափարը, որը մինչ այս պահը կյանքի չի կոչվել»,- նշել է նա:
Ըստ ԱԳՆ խոսնակի՝ սահմանազատման-սահմանագծման, ինչպես նաեւ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հարցում խորհրդատվական օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Եվրամիությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը վերը նշված օրակարգի մասին հայտարարել է դեռ ամիսներ առաջ եւ հետեւողական է լինելու դրա առաջմղման, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շահերը պաշտպանելու, տեւական խաղաղություն եւ կայունություն հաստատելու հարցում»: