ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԿԽՄԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպը եւ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն: Սրա մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Քննարկվել են երկկողմ համագործակցությանը, արցախյան պատերազմների հետևանքով անհայտ կորած անձանց վերաբերող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է գերեվարված զինծառայողների եւ պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի եւ վերոնշյալ խնդիրը բացառապես հումանիտար հարթությունում դիտարկելու անհրաժեշտությունը:
Կարապետյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ՝ Ադրբեջանում գերեվարվածների կանոնավոր տեսակցությունները եւ ընտանիքի անդամների հետ նամակագրությունն ապահովելու նպատակով գործադրած ջանքերը՝ միաժամանակ կարեւորելով այդ հարցում Կարմիր խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը:
ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն նշել է, որ ԿԽՄԿ-ն շարունակական ջանքեր է գործադրում վերը նշված հարցերի կարգավորման ուղղությամբ եւ ընդգծել, որ Ժնեւյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի եւ արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը: