Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանից Հայաստան է ժամանել առեւտրի ոլորտում մասնագիտացած երկու պատվիրակություն՝ Իրան-Հայաստան առեւտրային համագործակցության խոչընդոտները եւ երկու երկրների միջեւ արտահանման հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով:
Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առեւտրային կցորդ Աքբար Գոդարին հայտարարել է, որ հանդիպման ընթացքում իրանցի գործարարները խնդրել են Իրանում ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ, ներկայացուցչությունների հետ միասին, գործուղել նաեւ առեւտրային պատվիրակություններ: Որոշվել է այդ հարցը քննարկել կորոնավիրուսային սահմանափակումների վերացումից հետո:
Հայաստան-Իրան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը իրանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ընդգծել է երկու երկրների միջեւ առեւտրի զարգացման եւ արտահանման ու առեւտրի ոլորտներում խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը:
Յարիջանյանը տեղեկացրել է, որ հայ-իրանական առեւտրաշրջանառության ծավալները վերջին տարիներին հասնում են 500 միլիոն ԱՄՆ դոլարի: