Իրանը բարձր է գնահատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին սեպտեմբերին ձերբակալված իրանցի երկու վարորդներին ազատ արձակելու Ադրբեջանի իշխանությունների որոշումը։
«Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ադրբեջանցի գործընկերոջ` Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ բարձր է գնահատել ձերբակալված վարորդների ազատ արձակումը եւ դա կառուցողական քայլ համարել թյուրըմբռնումը հարթելու համար»,- նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Աբդոլլահիանը նաեւ կոչ է արել հեշտացնելու Իրանի բեռնատարների երթեւեկությունը Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ ընդգծելով համատեղ տնտեսական կոմիտեի աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը:
Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ոստիկանական անցակետեր տեղադրած ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել էին իրանցի վարորդներին ու նրանց մեղադրել այդ ճանապարհով դեպի Արցախ բեռներ տեղափոխելու մեջ։