«Հրատարակչության առանցքային գործառույթներից է գրողին ներկայացնելը եւ նրա ստեղծագործությունները հանրությանը հասանելի դարձնելը։ Գրող-հրատարակիչ հարաբերությունն այս գործընթացի կարեւորագույն բաղադրիչն է»,- ասում է «Զանգակ» հրատարակչության գործադիր տնօրեն Էմին Մկրտչյանը։ Իրավական մասով հարաբերությունները կարգավորվում են հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենքով, բայց շատ կարեւոր է հրատարակիչ-գրող փոխվստահությունը։ Հեղինակներն իրենց ձեռագրերը վստահում են հրատարակչություններին, վերջիններս էլ նրանց հոնորար են վճարում վաճառքից առաջացած գումարից։
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ նախկինում գրքի շուկայում վատ ու անկազմակերպ վիճակ էր։ «Գրքերը տպագրվում էին հիմնականում հովանավորների միջոցով կամ պետական պատվերով ու աջակցությամբ։ Որ գրողը որտեղ հասցնում, տպում էր գիրքը։ Որ հրատարակիչը ում բռնում, տպում էր, եթե փող կար, բնականաբար։ Հիմա այդ հարաբերություններն ավելի քաղաքակիրթ են»,- ասում է Նիկողոսյանը։
Հրատարակչությունները հետեւում են ժամանակակից գրողներին, մամուլի հրապարակումներին, իրենց կարծիքով լավ գրողներին համագործակցության առաջարկ են անում, կնքում են պայմանագիր ու սկսում են աշխատել։ Լինում են նաեւ դեպքեր, երբ գրողներն իրենք են համագործակցության առաջարկ անում։
Արքմենիկ Նիկողոսյանը շեշտում է այն հանգամանքը, որ «Անտարեսը» գրողի հետ համագործակցելիս ինքն է հոգում բոլոր ծախսերը։ Արձակագիր Գրիգոր Գրիգորյանն էլ նշում է, որ իր գրքերը հրատարակելիս բոլոր ծախսերն ինքն է արել, ոչ թե հրատարակչությունը, տվյալ դեպքում՝ «Մագաղաթ»-ը։
Ներկայում Հայաստանում հաճախ է հրատարակվում նաեւ թարգմանական գրականություն։ «Այժմ «Անտարեսում» 30 լեզվից թարգմանություններ են արվում, գրքերը թարգմանվում են հիմնականում բնօրինակից»,- ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։
«Զանգակ»-ը նույնպես մեծ ուշադրություն է դարձնում համաշխարհային գրականությունը հայոց լեզվով մեր հասարակությանը ներկայացնելուն։ Օտարերկրացի ժամանակակից գրողի գործը թարգմանելու համար հրատարակչությունը կապ է հաստատում հեղինակի կամ նրա գործակալի հետ, ձեռք բերում հեղինակային իրավունքն ու սկսում համագործակցությունը թարգմանչի հետ։ Այնքան էլ ճիշտ չէ, երբ թարգմանիչն է որոշում այսինչ գիրքը թարգմանել՝ առանց որեւէ հրատարակչության հետ համաձայնեցնելու, որովհետեւ հետո կարող է պարզվել, որ, օրինակ, մեկ այլ հրատարակչություն արդեն ունի այդ գիրքը թարգմանելու իրավունքը։
Գրահրատարակչական շուկայի խնդիրները
Գրքի շուկայի խնդիրների մասին խոսելիս Էմին Մկրտչյանն առանձնացնում է այն հանգամանքը, որ հիմա հրատարակչությունների համար մեծ մրցակից է դարձել մեդիաոլորտը՝ կինոարտադրություն, համացանցային տեղեկատվական ռեսուրսներ, էլեկտրոնային կրթական ռեսուրսներ, երբեմն անգամ էլեկտրոնային խաղեր եւ այլն։ Այս խնդիրը հաղթահարելու համար տպագիր գրքերը վերածում են աուդիոգրքերի, բայց, այնուամենայնիվ, գրքերը մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում։
Մյուս խնդիրն այն է, որ գրադարանները տպագրվող գրքերից չեն ձեռք բերում այնքան, որքան անհրաժեշտ է։ «Ոլորտն կշահեր, եթե գրադարաններն ավելի շատ գրքեր գնելու ֆինանսավորում ունենային, ավելի բարվոք վիճակում լինեին։ Իհարկե, կան լավ վիճակում գտնվող գրադարաններ, բայց դրանք շատ չեն»,- ասում է «Անտարես»-ի գլխավոր խմբագիրը։
Հայաստանում քիչ են նաեւ գրախանութները։ «Հայաստանի շատ քաղաքներում այսօր գրախանութներ չկան։ Այսինքն՝ որքան էլ հրատարակչությունները լավ գրքեր լույս ընծայեն, երբեմն գիրքը ընթերցողին չի հասնում, որովհետեւ շղթայի այդ օղակը լիարժեք չի գործում։ Գրախանութների ցանցի ընդլայնման միտում, իհարկե, կա, բայց հրատարակիչ-ընթերցող կապի այդ օղակը դեռեւս բավականաչափ զարգացած չէ»,- ասում է «Զանգակ»-ի տնօրենը։
Պակասը փորձ է արվում լրացնելու առցանց գրախանութների միջոցով, երբ գնորդը կարող է պատվիրել գիրքը եւ ստանալ առաքումով, բայց սա էլ խնդրի ամբողջական լուծում չէ։ Գրախանութների այս երկու տեսակները չեն կարող լիարժեք փոխարինել իրար։ Գրախանութում կարող ես թերթել գիրքը, հատված կարդալ, վաճառողից խորհուրդ հարցնել եւ տեղում գնել, առցանց գրախանութում հեշտ է համեմատել այլ հրատարակությունների հետ, նախորդ կարդացողների կարծիքը կարդալ եւ այլն, սակայն կարող են խանգարող հանգամանք լինել վճարման եւ առաքման պայմանները։
Ոլորտում կա նաեւ աշխատուժի պակաս։ Դժվար է գտնել հատկապես որոշ լեզուների լավ թարգմանիչներ, լավ խմբագիրներ, ձեւավորողներ։ Լավագույն կադրերը հաճախ հեռանում են հրատարակչական ոլորտից, քանի որ այն հեռանկարային չի թվում։
Հեղինակային իրավունք
«Նախկինում այս խնդիրը շատ տարածված էր Հայաստանում։ Մարդիկ անօրինական կերպով թարգմանում ու վաճառում էին դրսի հեղինակների գործերը, դրա համար էլ Հայաստանը հայտնվել էր դրսի գրական գործակալների սեւ ցուցակում։ Հիմա դրական փոփոխություն կա, բայց էլի շատ բան կա կարգավորելու»,- ասում է Արքմենիկ Նիկողոսյանը։
Հայաստանում կա հեղինակային իրավունքի մասին օրենք, բայց այս ոլորտում այն պատշաճ կերպով չի կիրառվում։ Հանրային գիտակցությունը բարձրացնելու խնդիր էլ կա։ Մարդիկ պետք է հասկանան, որ հրատարակչությունը գրքի տպագրման համար մեծ ծախս է անում, եւ եթե իրենք ուզում են նոր գրքեր կարդալ, ապա պետք է դրանք գնել, ոչ թե տարածել, օրինակ, թվային տարբերակով կամ պատճենահանելով։ Թարգմանվող գրքերի դեպքում, ասում է «Զանգակ»-ի տնօրենը, եթե միջազգային գործընկերները տեսնեն, որ հրատարակչությունը չի կարողանում վերահսկել գրքի անօրինական տարածումը, ապա հետագայում գրքի թարգմանության իրավունքը ձեռք բերելը շատ բարդ կլինի։
Էմին Մկրտչյանի կարծիքով հեղինակային իրավունքը նաեւ հնարավորություն է։ «Ցանկացած ստեղծագործող մարդ, եթե իմանա, որ կարող է իր գույքային իրավունքները փոխանցել մեծ կազմակերպություններին, որոնք դրա հիման վրա ինչ-որ նոր բան կստեղծեն՝ գիրք կհրատարակեն, ֆիլմ կնկարեն, կբեմադրեն եւ այլն, իսկ ինքը կունենա եկամուտ, ապա, գուցե, օգտվի այդ հնարավորությունից»,- ասում է նա։
Կա՞ արդյոք պետական աջակցություն
Պետական աջակցության ծրագրեր կան, որոնց կարող են մասնակցել անհատ գրողներն ու ստեղծագործողները։ Հրատարակչություններն առանձին պետական աջակցություն չեն ստանում։ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով պետք էլ չէ, որ պետությունն ուղղակի միջամտություն ունենա այս ոլորտում։ Պետությունը կարող է նպաստել՝ հասարակության մեջ համապատասխան արժեհամակարգ ստեղծելով, հարկային քաղաքականությունը փոխելով եւ բարելավելով գրադարաններն ու դրանց օգնելով նոր գրքեր ձեռք բերելու։
Ի՞նչ են կարդում Հայաստանում
«Մեր երիտասարդ ընթերցողները նախընտրում են կարդալ համաշխարհային ժամանակակից գրականություն, քանի որ նրանք հետեւում են համաշխարհային անցուդարձին, դիտում են էկրանավորումներ եւ բնականաբար ցանկանում են կարդալ նաեւ գիրքը։ Հաճախ հրատարակչությունը բավարարում է ընթերցողների պահանջարկը, բայց նաեւ ինքն է առաջարկ ձեւավորում՝ ընտրելով բարձրարժեք գրականություն ու այն հանրայնացնելով»,- ասում է «Զանգակի» տնօրենը։
«Զանգակ» հրատարակչության ամենապահանջված գրքերից են՝ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» , «Օդապարուկ թռցնողը», «Հազար չքնաղ արևներ», Կազուո Իշիգուրոյի «Չթողնես ինձ երբեք», Վըրջինիա Վուլֆի «Միսիս Դելոուեյ», մանկական գրականությունից Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթեր», Նիլ Գեյմանի «Քորլայն», Դեն Բրաունի «Վայրի Սիմֆոնիա» եւ այլն։
«Վերջին տարիներին ընթերցողները բավականին ակտիվ են: Գրքերը գուցե այդքան էլ լավ չեն վաճառվում, եթե համեմատենք այլ երկրների շուկաների հետ, բայց նոր տպագրվող գրքերը գտնում են իրենց ընթերցողներին: Դա են փաստում Հայաստանի տարբեր համայնքների գրադարաններում նոր տպագրված գրքերի համար արվող առկայության հարցումները, առկա գրքերի մշտական բացակայությունը եւ տարբեր սոցիալական ցանցերում ընթերցողական խմբերում հարցումները, թե արդյոք որեւէ մեկն ունի տվյալ գիրքը եւ կարող է տրամադրել կարդալու ու վերադարձնելու»,- «Ալիք Մեդիա»-ին ասում են «Դարան-Հայ գիրք» գրախանութից։
Այստեղ առավել շատ վաճառվող գրքերի շարքում են Ուիլյամ Սարոյանի ստեղծագործությունները՝ «Անունս Արամ է», «Մայրիկ, ես սիրում եմ քեզ», «Ուեսլի Ջեքսոնի արկածները» եւ այլն, հակաուտոպիստական վեպերը՝ Եվգենի Զամյատինի «Մենք», Ջորջ Օրուելի «1984», Անթընի Բըրջեսի «Լարովի նարինջ» եւ այլն։ Մանկապատանեկան գրքերից առավել պահանջված են Ռոալդ Դալի վիպակները` «Ջեյմսն ու հսկայական դեղձը», «Մեծ Բարի Հսկան», «Կտրիճ աղվեսը» եւ «Մաթիլդա»-ն։
Միանշանակ չէ նաեւ այն հարցը, թե արդյոք հայ ժամանակակից գրողը գնահատված է մեր հասարակությունում։
«Դժվար է դա չափել, չեմ կարծում, որ հասարակությունը ճանաչում է գրողին, որ հասկանանք` գնահատված է, թե չէ։ Շատ նեղ շրջանակ է ճանաչում գրողներին, նույնիսկ «ամենահնչեղ» գրողներին։ Ընդհանրապես գրականությունը մեր հասարակության լայն խավերի համար առանձնակի նշանակություն չունի, ուզենք թե չուզենք` այդպես է»,- ասում է Գրիգոր Գրիգորյանը։
Այսպիսով՝ հայաստանյան գրահրատարակչական շուկայում դրական փոփոխություններին միտված բավականին աշխատանքներ են տարվում, բայց դեռ կան բաներ, որ պետք է բարելավվեն։ Պետք է փոխվի նաեւ գրքերի ու հրատարակչությունների աշխատանքի հանդեպ շատերի վերաբերմունքը։