Երկրային իր կյանքին հրաժեշտ տվեց արվեստաբան, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը։
Երբ 1946-1949 թվականների Մեծ հայրենադարձության նախագիծն էի անում, պարոն Խաչատրյանին էլ դիմեցի՝ հարցազրույց տալու խնդրանքով։ Հրաժարվեց։ Հիմա չեմ հիշում՝ ինչու։ Ոտքի վրա հետաքրքիր մի դրվագ պատմեց հայաստանյան իր մանկությունից։
1946 կամ 1947 թվականին՝ 12-13-ամյա աշակերտ, մասնակցում է դպրոցական հանդեսի եւ անզգուշաբար արտասանում Եղիշե Չարենցի՝ Հալեպում սովորած «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը։
(Այդ տարիներին Չարենցը ժողովրդի թշնամի էր, արգելված՝ Խորհրդային Հայաստանում)։
«Դեռ չէի հասցրել առաջին քառատողն ասել,- հիշեց Շահեն Խաչատրյանը,- մեկը հետեւից ճանկեց մազերս ու, զոռով բեմի հետնամասը տանելով, գլուխս մի քանի անգամ խփեց պատին. «Շա՛ն լակոտ, էս ի՞նչ ես ասում, ուզում ես ինձ Սիբիր աքսորե՞ն»։ Դպրոցի տնօրենն էր, չէր լսում բացատրությունս, թե օտարության մեջ այդ բանաստեղծությամբ ենք մենք հայ մնացել»։
Նախագիծն իրականացնելիս ավելի քան հարյուր հայրենադարձի էի հանդիպել, հարցազրույցներ արել, բայց Շահեն Խաչատրյանի այս պատմությունն ամենահոգեցունցն էր։
Շահեն Խաչատրյանի ընտանիքը խորհրդային ագրեսիվ պրոպագանդայի ազդեցությամբ էր ներգաղթել Հայաստան։ Բայց նա այն քչերից էր, ովքեր (երբ հնարավորությունը ստեղծվեց) չմտածեցին Հայրենիքը լքելու մասին եւ չարեցին այդ բանը։
Մի անգամ, չեմ հիշում ճիշտ որ թվականին, հանդիպեցինք Լոս Անջելեսում։ Եկել էր Սարյանի, Մինասի, Հակոբ Հակոբյանի մասին դասախոսություններ կարդալու։ Մեր ընդհանուր ծանոթ Հարություն Կարապետյանը (երգիչ Հարութ) փորձեց ծանոթացնել։ Շահեն Խաչատրյանը հիշեց ինձ ու միանգամից հարցրեց. «Եկել ես այստեղ ապրելո՞ւ»։ Ասացի՝ չէ, գալիք հինգշաբթի վերադառնում եմ։
Հանգստացած շունչ քաշեց ու, դառնալով Հարութին, որն ընտանեկան հանգամանքով էր տեղափոխվել ԱՄՆ եւ շարունակ տեղը չէր գտնում, ասաց. «Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ»։
Հարութը ծիծաղեց. «Տնաշե՜ն, էդ հրաշք գործից ամենամռայլ տողերը հիշեցիր, բա որ էս տղեն վերցնի ու մնա Լոսում»։
Անցավ ժամանակ։ Առաջինը Հարութը հեռացավ կյանքից։ Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ մի օր ասում էր. «Հերս տեսներ՝ հիմա ուր եմ, կանիծեր ինձ»։
Հարութի հայրը՝ Ջորջ Կարապետյանը, Պաղեստինում ներգաղթի կազմակերպիչն էր։ Երբ զանգվածային հոսքը դադարում է, եւ ճամփեքը փակվում են, 1957-ին հավաքում է ընտանիքը եւ, առանց կանչի, առանց քարավանի, գալիս Հայաստան։
«Միշտ ասում էր՝ սա մեր վերջին հանգրվանն է»,- հիշում էր Հարութը։ Շահեն Խաչատրյանն իր վերջին հանգրվանը գտավ վերջին հանգրվանում։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։