Աֆրիկայի խոշոր պետություններից մեկում` Սուդանում, անցած գիշեր ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Ըստ AP գործակալության՝ զինվորականները ձերբակալել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ կառավարության անդամների մի մասին։«Al-Jazeera»-ն մանրամասնել է, որ ձերբակալված են կապի, տեղեկատվության, ֆինանսների, արդյունաբերության նախարարներ, Խարթում գավառի նահանգապետը եւ երկրի Անցումային ինքնավար խորհրդի անդամ։ Ձերբակալված նախարարներից մեկի դուստրը հայտնել է, որ իր հայրը ձերբակալվել է Միացյալ ջոկատների անդամների կողմից։
BBC-ի տեղեկություներով՝ ձերբակալվածների թվում է նաեւ երկրի վարչապետ Աբդալա Համդոկը, որը հրաժարվել է զինվորականների գործողություններին աջակցելուց, ինչից հետո տեղափոխվել է անհայտ ուղղությամբ։ «Al Hadath» հեռուստաընկերությունը հայտնել է, որ նա տնային կալանքի տակ է։
Ըստ Reuters գործակալության՝ Սուդանի զինված ուժերի ստորաբաժանումները վաղ առավոտյան գրոհել են նաեւ պետական հեռուստաընկերության շենք՝ ձերբակալելով աշխատակիցներին։ Բանակը նաեւ վերահսկողություն է սահմանել մայրաքաղաքի բոլոր կարեւորն ռազմավարական օբյեկտների նկատմամբ։
«Al Arabiya» հեռուստաալիքի տվյալներով Խարտումում լիովին անջատված են շարժական կապը եւ ինտերնետը: Նաեւ բացակայում է ստացիոնար հեռախոսային կապը:
Հեղաշրջման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո Խարթումում բողոքի ակցիաներ են սկիզբ առել։ Ցուցարարները փակել են Խարթումի մի քանի փողոցներ, անվադողեր են այրում։ Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են վերականգնել երկրի օրինական իշխանությունը։
Սուդանում 2019-ի իշխանափոխությունից հետո երկիրը կառավարում էր զինվորականներից եւ քաղաքացիական գործիչներից կազմված ժամանակավոր խորհուրդը։ Վերջին շրջանում խորհրդի քաղաքացիական եւ բանակային հատվածների միջեւ հարաբերությունները զգալիորեն սրվել էին։
Նոյեմբերին լրանում է Սուդանի անցումային Ինքնիշխան խորհրդի լիազորությունների ժամկետը, եւ խորհուրդը իշխանությունը պետք է փոխանցի քաղաքացիական կառավարությանը։
Սուդանի մի քանի քաղաքներում ավելի վաղ եւս տեղի էին ունեցել բողոքի ցույցեր, որոնց մասնակիցները պահանջում էին, որ զինվորականները իշխանությունը փոխանցեն քաղաքացիական կառավարությանը: