Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում Ռուսաստանի 7 քաղաքացի է ձերբակալվել՝ անտառային հրդեհներ հրահրելու կասկածանքով։
Թուրքական ոստիկանությունից հայտնել են, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների խումբը ձերբակալվել է Չաղլարջա բնակավայրի մերձակա անտառները հրկիզելու կասկածանքով։
Ռուսաստանցի զբոսաշրջիկների ձերբակալության մասին տեղեկությունը հաստատել են նաեւ Անթալիայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանում։
«Գլխավոր հյուպատոսությունը հաստատում է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հոկտեմբերի 23-ին Անթալիայի շրջակայքում «Լիկիական արահետ» երթուղով արշավ իրականացնող ռուս զբոսաշրջիկների խմբի ձերբակալման փաստը: Ըստ տեղի ոստիկանական վարչության՝ Ռուսաստանի յոթ քաղաքացիներ ձերբակալվել են Չաղլարջայի շրջանում անտառային զանգված հրկիզելու կասկածանքով: Տեղական օրենսդրության կանոններով` իրավապահ համակարգի աշխատակիցները երդվյալ թարգմանչի ներգրավմամբ արձանագրություն են կազմել գործով կասկածյալների եւ վկաների ցուցմունքների վերաբերյալ»,- ասել է Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը։
Դիվանագիտական ներկայացուցչությունը տեղական իշխանություններին հարցում է ուղարկել՝ Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալման փաստի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն տրամադրելու եւ ձերբակալվածների համար հյուպատոսական հասանելիություն ապահովելու պահանջով: Գլխավոր հյուպատոսությունը հետեւում է, որ քննչական եւ դատական միջոցառումների ընթացքում պահպանվեն դատավարական նորմերը։