Մոլդովան հույս ունի, որ երկրում ծագած էներգետիկ ճգնաժամը կկարողանա մեղմել՝ գազ ստանալով ԵՄ-ից, մասնավորապես Ռումինիայից՝ «Ունգենի-Քիշնեւ» գազատարի միջոցով։ Դրա մասին հայտնել են ռումինական Transgaz ընկերության ներկայացուցիչները։
Մոլդովայի խորհրդարանը նախորդ ուրբաթ քվեարկել էր էներգետիկ անվտանգության ապահովման համար երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու որոշման օգտին: Արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 20-ը՝ 30 օրով։
«Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը հայտարարել է, որ Մոլդովային գազի մատակարարման վերաբերյալ բարդ իրավիճակը ստեղծվել է այդ հանրապետության իշխանությունների մեղքով. ներկայում հիմնական պարտքը կազմում է 433 միլիոն դոլար, իսկ վճարումների ուշացումը հաշվի առնելով՝ պարտքի ընդհանուր գումարը կազմում է 709 միլիոն դոլար:
«Եթե սպառված գազի դիմաց վճարումները ամբողջությամբ չիրականացվեն եւ համապատասխանաբար, դեկտեմբերի 1-ից նոր պայմանագիր չկնքվի, «Գազպրոմը» կդադարեցնի վառելիքի մատակարարումները Մոլդովա»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը։
Միաժամանակ Կուպրիյանովը հայտնել է, որ «Գազպրոմը» պատրաստ է երկարացնելու Մոլդովային գազի մատակարարման պայմանագիրը պարտքի ամբողջական մարման դեպքում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ գազամատակարարման խնդրի շուրջ Մոլդովայի ղեկավարության հետ հեռախոսային բանակցություններ չի ծրագրում։ Միաժամանակ Կրեմլում հույս ունեն, որ Մոլդովային գազ մատակարարելու շուրջ երկխոսությունը կշարունակվի։ Պեսկովն ընդգծել է, որ «Գազպրոմի» դիրքորոշումը շատ պարզ է, այն առևտրային է։