ՌԴ Գամալեայի անվան Համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ ծանր հիվանդացածների 80 տոկոսը, որ իբր պատվաստվել է, իրականում պատվաստանյութ չի ստացել, այլ պարզապես գնել է հավաստագիրը։
Գինցբուրգը պարզաբանել է, որ հատուկ անալիզի օգնությամբ հնարավոր է ստուգել` մարդն իսկապես պատվաստվել է «Sputnik V»-ով, թե ոչ Նա ընդգծել է, թե հիվանդության ծանր դեպքերի ժամանակ արված անալիզի պատասխանը մատնանշում է, որ հավաստագրերը կեղծում են։
«Երբ «Sputnik V»-ով իբր պատվաստված մարդիկ ծանր հիվանդանում են, ուրեմն նրանք, որպես կանոն, կեղծված հավաստագրեր են գնել»,- նշել է նա «Կոմսոմոլսակայա պրավդա» թերթի հետ զրույցում։
Ըստ Գինցբուրգի՝ պատվաստման վկայականներ գնելու այսօր հայտնի դարձած դեպքերը իրականում տեղի ունեցածի միայն մի մասն են: «Մարդիկ փող են ծախսում, իրենք իրենց խաբում, հետո հիվանդանում ու մահանում»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերի 21-ին վերսկսել է «Sputnik V» պատվաստանյութի օգտագործման հաստատման ընթացակարգը։ ԱՀԿ տեսուչների խումբը շուտով կայցելի Ռուսաստան՝ բոլոր անհրաժեշտ ստուգումներն իրականացնելու եւ փաստաթղթեր կազմելու համար, ասվում է հաղորդագրությունում:
Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամը, որը ներգրավված է «Sputnik V»-ի բաշխման գործընթացում, ակնկալում է, որ պատվաստանյութը կհաստատվի առաջիկա մի քանի ամսվա ընթացքում:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հայտնել է, որ 2022-ի առաջին եռամսյակում կսկսի «Sputnik V»-ի փորձաքննությունը, եթե մինչեւ նոյեմբերի վերջ ստանա բացակայող տվյալները։